Թուրքմենական ֆուտբոլի հայ աստղը

Թուրքմենական ֆուտբոլի հայ աստղը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՎերջին տարիներին Հայաստանի հավաքական հրավիրվեցին արտասահմանում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ: Նրանցից շատերը երբևէ չեն էլ բնակվել Հայաստանում: Որոշների անունները շրջանառվեցին, սակայն նրանցից շատերն այդպես էլ կամ չկարողացան հաստատվել ազգային թիմի կազմում, կամ էլ ընդհանրապես չհրավիրվեցին երկրի գլխավոր թիմ: Արթուր Գևորգյան ֆուտբոլիստի անուն-ազգանունը հայ ֆուտբոլասերների մեծ մասի համար անծանոթ է: Ասիայում մեծ ճանաչում ունեցող հայ ֆուտբոլիստը թուրքմենական ֆուտբոլի վառ դեմքերից մեկն է:

Արմատներով Արցախից՝ թուրքմենական ֆուտբոլի «հայ աստղ» համարվող Արթուր Գևորգյանը ծնվել է Աշխաբադում: Հայ ֆուտբոլիստը 2007 թվականից հանդես է գալիս Թուրքմենստանի ազգային հավաքականում: Կարիերայի ընթացքում հանդես է եկել Թուրքմենստանի, Ղազախստանի, Ինդոնեզիայի, Ուզբեկստանի առաջնություններում: Վերջինում հանդես գալու տարիներին հասցրել է նվաճել անհատական և թիմային բոլոր մրցանակները: Այս պահին 35-ամյա ֆուտբոլիստը պաշտպանում է թուրքմենական «Ախալ» ակումբի գույները:

ArmSport.am-ի հետ զրույցում հայ ֆուտբոլիստը խոսել է անցած ուղու մասին․

«7 տարեկանից սկսել եմ զբաղվել ֆուտբոլով: Սկզբում պրոֆեսիոնալ մարմնամարզության էի հաճախում, բայց հետո հասա իմ ուզածին և 2-րդ դասարանից սկսեցի հաճախել ֆուտբոլի: 2000 թվականից սկսել եմ խաղալ Թուրքմենստանի Բարձրագույն խմբում: Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչով կզբաղվեի, եթե չլիներ ֆուտբոլը»:

Ակումբային կարիերայի ընթացքում Գևորգյանն ամենամեծ նվաճմանը հասել է Ուզբեկստանում․ «Շատ վաղ եմ տեղափոխվել արտասահման, քանի որ Թուրքմենստանում քիչ էի խաղաժամանակ ստանում: Ուզբեկստանում անցկացրած 13 տարիների ընթացքում նվաճել եմ անհատական ու թիմային բոլոր մրցանակները: Կարիերայիս ամենամեծ նվաճումը հավանաբար եղել է AFK-ի Գավաթի հաղթելը (Ասիայում նշանակությամբ 2-րդ ակումբային մրցաշարը): Այդ մրցաշարում ստացա նաև լավագույն ֆուտբոլիստի մրցանակը»:

Թուրքմենստանի հավաքականի կիսապաշտպանը երբևէ առաջարկ չի ստացել Հայաստանի հավաքականում հանդես գալու համար․

«Երբևէ առաջարկ չեմ ստացել Հայաստանի ազգային հավաքականում խաղալու համար: Սկսել եմ հանդես գալ Թուրքմենստանի հավաքականում և արդեն հնարավոր չէր խաղալ Հայաստանի հավաքականում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար պատիվ է իր երկրի ազգային հավաքականում խաղալը: Եթե ունենայի առաջարկ խաղալու Հայաստանի հավաքականում՝ շատ լուրջ կվերաբերվեի դրան»:

Գևորգյանը չնայած շատ հաճախ չի լինում Հայաստանում, սակայն հետևում է հայկական ֆուտբոլում զարգացող իրադարձություններին․

«Վերջին անգամ 2015 թվականին եմ եղել Հայաստանում, բայց իմ ընտանիքը շատ հաճախ է լինում մեր պատմական հայրենիքում: Դժվար է ասել, թե ինչով են տարբերվում Թուրքմենստանի ու Հայաստանի առաջնությունները: Ընդհանուր առմամբ շատ հայ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, ովքեր ունեն հիանալի տեխնիկա: Կարող եմ ասել, որ Հայաստանում ֆուտբոլը տեխնիկապես հագեցած է: Հետևել եմ հատկապես այն թիմերին, որտեղ աշխատել է Արամ Ոսկանյանը: Մենք մտերիմ ընկերներ ենք»:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով այս օրերին դադարեցված են գրեթե բոլոր երկների առաջնությունները, բացառություն չէ նաև Թուրքմենստանը:

«Կորոնավիրուսի պատճառով շատ երկրներ ստիպված են հիմա սպասել: Մեզ մոտ նույնպես դադարեցված է, իսկ մարզավիճակը պահպանում ենք տնային պայմաններում: Այս պահին հանդես եմ գալիս թուրքմենական «Ախալ» թիմում և մինչև մրցաշրջանի ավարտ պաշտպանելու եմ այս ակումբի գույները»,-եզրափակում է Գևորգյանը:

Ի դեպ, Արթուր Գևորգյանը Թուրքմենստանի հավաքականում խաղացած միակ հայ ֆուտբոլիստը չէ: Ասիական երկրի հավաքականում են խաղացել նաև Դավիդ Սարկիսովը, Ալեքսանդր Բոլեյանը և Արսեն Բաղդասարյանը: Վերջինս նաև մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին՝ 2004 թվականին:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

Ֆուտբոլիստի հետ կապ հաստատելու և հարցազրույց կազմակերպելու համար շնորհակալություն ենք հայտնում գործակալներ՝ ազգությամբ հույն, թուրքմենստանցի Գենադի Խրիստոֆորիդիին և ռուսաստանցի մեր հայրենակից Նշան Դեպելյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում