Բարսելոնան Չելսիին ցանկանում է պարտավորեցնել գնել Կոուտինյուին վարձակալությունից հետո

Բարսելոնան Չելսիին ցանկանում է պարտավորեցնել գնել Կոուտինյուին վարձակալությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն, որն այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայում», կարող է վերադառնալ Անգլիա, որտեղ նախկինում հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում:

Կատալոնացիները բրազիլացու շուրջ շարունակում են բանակցություններ վարել «Չելսիի» հետ: Երկու ակումբներն էլ պատրաստ են ձևակերպել Ֆիլիպեի՝ վարձակալության հիմունքներով տեղափոխությունը, և կապույտները դեմ չեն նրա ամբողջական աշխատավարձը վճարել, սակայն կողմերը տարաձայնություններ ունեն ֆուտբոլիստի՝ պայմանագրի ավարտից հետո ճակատագրի վերաբերյալ:

Sport.es-ը հայտնում է, որ «Բարսելոնան» ցանկանում է լոնդոնցիներին պարտավորեցնել գնել կիսապաշտպանին 65 մլն եվրոյի դիմաց՝ վարձակալության ավարտից հետո: «Չելսին» պատրաստ է, բայց ցանկանում է այդ կետը ոչ պարտադիր դարձնել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինյուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Արսենալը»: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի առաջնության 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում