Լևոն Արոնյանը չի մասնակցի Magnus Carlsen Invitational-ին. հայտնի է մրցաշարի կազմը

Լևոն Արոնյանը չի մասնակցի Magnus Carlsen Invitational-ին. հայտնի է մրցաշարի կազմը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՀայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպված արագ շախմատի օնլայն մրցաշարին: Վերջերս, հիշեցնենք, ողբերգական ավտովթարի արդյունքում կյանքից հեռացավ Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին:

Ապրիլի 18-ին մեկնարկելիք մրցաշարին, բացի Կարլսենից, կմասնակցեն Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ) և իրանցի Ալիրեզա Ֆիրուջան:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարլսենը, որպես մրցաշարի գլխավոր կազմակերպիչ, կցանկանար տեսնել ՖԻԴԵ-ի միջազգային վարկանիշի առաջին 8 շախմատիստներին, սակայն, բոլորը չէ, որ պատրաստ էին խաղալ: Արդյունքում, աշխարհի 8 լավագույն շախմատիստներից մրցաշարին չեն մասնակցի Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 6-րդ հորիզոնական), Լևոն Արոնյանը (7-րդ հորիզոնական) և Ուեսլի Սոն (ԱՄՆ, 8-րդ հորիզոնական):

Հիշեցնենք՝ մրցաշարը կմեկնարկի ապրիլի 18-ին՝ շրջանային համակարգով, և կտևի ավելի քան 2 շաբաթ: Սկզբում, բոլոր մասնակիցները կխաղան իրար հետ, իսկ հետո առաջատարները կխաղան փլեյ-օֆֆում: Magnus Carlsen Invitational մրցաշարի մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար է կազմում, ընդ որում հաղթողը 70 հազար դոլար կստանա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում