«Դա դեռևս 100 տոկոսով չէ, բայց խոսակցություն կա այն մասին, որ եթե առաջնությունը չշարունակվի, մենք կհրաժարվենք աշխատավարձերից». Մխիթարյան (տեսանյութ)

«Դա դեռևս 100 տոկոսով չէ, բայց խոսակցություն կա այն մասին, որ եթե առաջնությունը չշարունակվի, մենք կհրաժարվենք աշխատավարձերից». Մխիթարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Ֆուտբոլ» հեռուստաալիքի «Մեծ ֆուտբոլ» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է իտալական մամուլի այն տեղեկությունը, ըստ որի իտալական ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են հրաժարվել իրենց 4 ամսվա աշխատավարձերից, եթե կորոնավիրուսի համավարակը շարունակվի:

«Այո, կան նման խոսակցություններ: Մենք խոսել ենք ղեկավարության հետ: Դա դեռևս հարյուր տոկոսով չէ, բայց խոսակցություն կա այն մասին, որ եթե առաջնությունը չշարունակվի, մենք կհրաժարվենք աշխատավարձերից»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանը պատմել է նաև կորոնավիրուսի համավարակի սկզբնական շրջանում Իտալիայում ծնված որդու` Համլետի մասին: Նա նշել է, որ իր ընտանիքի բախտը բերել է՝ երեխան ծնվել է մարտի 4-ին, երբ Իտալիայում կորոնավիրուսն այսօրվա պես լայն տարածված չէր:

Ֆուտբոլիստի խոսքով՝ «Ռոմայի» ֆուտբոլիստներն այժմ մարզվում են տներում` ակումբի կողմից տրված հատուկ անհատական ծրագրերով:

Հայաստանի հավաքականի ավագը նաև շնորհակալություն է հայտնել Դոնեցկի «Շախտյորի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուին, որը Մխիթարյանին անվանել էր ամենատաղանդավոր խաղացողը, որի հետ ինքը երբևէ աշխատել է: Մխիթարյանը նշել է, որ ռումինացի մարզչի շնորհիվ է, որ ինքը կարողացել է խաղալ Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում, և շատ բան է նրանից սովորել:

Տեսանյութում այդ հատվածը՝ 22-րդ րոպեից սկսած.

Հետևեք մեզ նաև Telegram-ում