Եվրագավաթներն ու առաջնությունները հնարավոր է ավարտվեն առանց հանդիսականների․ Չեֆերին

Եվրագավաթներն ու առաջնությունները հնարավոր է ավարտվեն առանց հանդիսականների․ Չեֆերին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ասել է, որ չնայած կորոնավիրուսի վարակի համաճարակի, ֆուտբոլային իշխանությունների առաջնահերթությունն ազգային առաջնությունները և եվրոպական գավաթների խաղարկությունը մարզական հիմունքներով ավարտելն է: Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ-ի ղեկավարը նշել է, որ երկրպագուների համար պետք է երաշխավորված լինի անվտանգություն, որպեսզի մրցաշրջանը կարելի լինի անցկացնել հանդիսականների առկայությամբ:

«Միգուցե մենք պետք է խաղանք դատարկ տրիբունաներով, բայց գլխավորը խաղալն է: Նման դժվարին ժամանակներում ֆուտբոլը մարդկանց կբերի երջանկություն, նույնիսկ եթե նրանք միայն հեռուստատեսությամբ տեսնեն դա», – մեջբերում է Չեֆերինին իտալական Corriere della Sera պորտալը:

ՈւԵՖԱ-ի նախագահը նաև շեշտեց, որ կազմակերպությունը դեռ ժամկետներ չի նախանշել ո՛չ ազգային առաջնությունների, ո՛չ էլ եվրոպական մրցումների համար: «Մենք ուսումնասիրում ենք տարբեր տարբերակներ՝ հաշվի առնելով հաջորդ մրցաշրջանի մեկնարկի հավանական ամսաթվերը», – ավելացրել է Չեֆերինը:

Լրատվամիջոցները նախօրեին գրում էին, որ ՈւԵՖԱ-ն նախատեսում է վերսկսել Եվրոպայի լիգայի խաղարկությունը օգոստոսի 2-3-ը, իսկ Չեմպիոնների լիգան՝ օգոստոսի 7-8-ին: Sky Sport-ի տեղեկություններով՝ ԵԼ-ի եզրափակիչը տեղի է ունենալու օգոստոսի 27-ին Գդանսկում, իսկ Չեմպիոնների լիգայինը՝ օգոստոսի 29-ին, Ստամբուլում:

Մարտի 23-ին ՈՒԵՖԱ-ն հետաձգեց անորոշ ժամանակով եվրագավաթների եզրափակիչները՝ COVID-19-ի պատճառով: ԵԼ-ի հաղթողը պետք է որոշվեր մայիսի 27-ին, Չեմպիոնների լիգայինը`մայիսի 30-ին: Չեմպիոնների լիգայում անցկացրած վերջին հանդիպումների արդյունքների համաձայն քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել են «Ատլետիկոն», ՊՍԺ-ն, «Ատալանտան» և «Լայպցիգը»: «Յուվենտուս» – «Լիոն», «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ», «Բավարիա» – «Չելսի» և «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումներում պատասխան խաղերը դեռ պետք է տեղի ունենան:

Իր հերթին, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը պատասխանել է երկրպագուների և լրագրողների կողմից առավել հաճախ տրվող հարցերին, նշելով, որ ներկա դրությամբ նախատեսում են վերսկսել առաջնությունը ցանկացած շաբաթվա ընթացքում՝ հունիսի կեսից մինչև հուլիսի կեսը: Մրցաշրջանը վերսկսելու ամսաթիվը կախված է կորոնավիրուսի տարածումից և իշխանությունների հրահանգներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում