Մխիթարյան. Երբ նոր սերունդը քո մեջ կուռք է տեսնում, նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ես

Մխիթարյան. Երբ նոր սերունդը քո մեջ կուռք է տեսնում, նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ես

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՀայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում պատմել է «Ռոմայում» մնալու իր ցանկության, իտալական ֆուտբոլի առանձնահատկությունների և մի շարք այլ հարցերի մասին:

-Վերջերս քո հարցազրույցներից մեկում նշեցիր, որ մտադիր ես շարունակել խաղալ «Ռոմայում»: Ի՞նչ նպատակներ ես դրել քո առջև՝ կապված իտալական թիմի հետ:

-Առաջին իսկ օրվանից, երբ եկա «Ռոմա», ինձ շատ լավ զգացի՝ ակումբը, քաղաքը ամեն ինչ հիանալի էր: Իհարկե, շատ լավ կլինի, եթե մնամ այստեղ: Գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում հայտնվելն է, խաղալն ու տիտղոսներ նվաճելը:

-Խաղացել ես Ուկրաինայում, Գերմանիայում, Անգլիայում, հիմա էլ հանդես ես գալիս իտալական Ա Սերիայում: Անձամբ քեզ ի՞նչ է տվել Ա Սերիան:

-Եթե համեմատենք անգլիական, գերմանական կամ ուկրաինական ֆուտբոլի հետ, Ա Սերիան իր առանձնահատկությունն ունի: Մարդիկ թերագնահատում են Իտալիայի առաջնությունը, բայց ես կասեի, որ այստեղ ավելի քան հետաքրքիր է խաղալը: Իհարկե, նույնը չէ, ինչ 20 տարի առաջ, բայց ես վստահ եմ, որ լիգան ավելի ու ավելի լավն է դառնում: Նախորդ տարվա տրանսֆերներն էլ այդ մասին են խոսում: Ավելի քան ուրախ եմ լինել այստեղ, քանի որ Իտալիայում խաղալը՝ այս երկրպագուների ներքո, ինչ-որ անհավանական բան է: Շատ էի լսել այն մասին, որ Իտալիայում երկրպագուները լավ իմաստով խելագար են, բայց չէի կարող պատկերացնել, որ նրանք իսկապես այդպիսին են: Շատ ուրախ եմ, որ խաղում եմ «Ռոմայում» ու նման երկրպագուներ ունենք:

-Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր խաղացողի հաջողությունը խաղադաշտում կախված է նաև նրա թիմակիցներից ու նրանց հետ արդյունավետ համագործակցությունից: Իտալացիների մասին այս առումով ի՞նչ կասես:

-Իհարկե, լավ ելույթը կախված չէ միայն քեզնից, քանի որ մեկ հոգով չես կարող խաղը հաղթել, պետք է հաղթել 11-ով՝ նույնիսկ այն խաղացողների հետ, ովքեր նստած են պահեստայինների նստարանին: Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Այնպես չէ, որ կարող ես մտածել՝ «լավ, ես այսօր միայնակ եմ խաղում, ամեն ինչ ինձնից է կախված»: Ոչ, կախված է ամբողջ թիմից: Ես իմ ուժերի ներածին չափով փորձում եմ անել ամեն ինչ թիմին օգնելու համար, նրանք էլ նույնն ինձ համար են փորձում անել:

Երբ առաջին անգամ եկա այստեղ, տպավորված էի որոշ խաղացողների որակներից: Նախկինում՝ Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում, նման բան չէի տեսել: Անուններ չեմ նշի, բայց կասեմ, որ մենք հիանալի ֆուտբոլիստներ, հիանալի տաղանդներ ունենք, որոնց հետ կարող ենք հասնել ամենաբարձր մակարդակին ու օգնել «Ռոմային» հասնել իր նպատակներին:

-Ո՞րն է անձամբ քո հաջորդ նպատակը ֆուտբոլում:

-Շատ բաների եմ հասել, բայց դա անցյալում է: Ցանկանում եմ հասնել ավելիին առաջիկա տարիների ընթացքում: Ֆուտբոլային կարիերայիս ավարտին շատ չի մնացել, բայց ես վստահ եմ, որ լավագույնս ներդնում եմ իմ ուժերն՝ ինչ-որ բան նվաճելու համար, քանի որ կարիերայիդ ավարտին բոլորը կմտածեն այն մասին, թե դու ինչ ես արել թիմիդ համար, ինչ տիտղոսներ ես նվաճել ու ինչպես ես խաղացել: Ինձ համար շատ կարևոր է ինձնից հետո ինչ-որ դրական կետ թողնելը՝ որևէ տիտղոս նվաճելով կամ ակումբի համար որևէ լավ բան անելով:

-Արդյոք այս կարանտինը քեզ հնարավորություն տվե՞ց երկրպագուներիդ հետ սոցիալական ցանցերով ավելի հաճախ շփվելու: Առհասարակ ի՞նչ հարցեր ես քննարկում երկրպագուներիդ հետո:

-Այո, որոշ հարցազրույցներում ու նաև LIVE ձևաչափով հարցազրույցներում ես պատասխանել եմ որոշ հարցերի, որոնք ուղղել են իմ երկրպագուները: Հարցնում էին հիմնականում այն մասին, թե ինչպես եմ անցկացնում կարանտինային այս շրջանը, ինչով եմ զբաղվում, արդյոք դիտո՞ւմ եմ ֆիլմեր, սերիալներ: Ուրախ եմ, որ նրանց հետ կապ եմ ունենում, իմանում եմ, թե նրանք ինչով են զբաղվում այս օրերին:

-Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանքներ ես ստանում իտալացի երկրպագուներից քո խաղի վերաբերյալ: Մենք՝ հայերս, միշտ մեր էմոցիաների մասին ենք մտածում, բայց հիմա դու Իտալիայում ես, գնահատո՞ւմ են քո խաղն այդտեղ:

-Նրանց հետ հիմնականում խաղերից հետո եմ շփվում, երբ օրինակ մեքենայով տուն եմ գնում, նրանք ինձ կանգնեցնում ու խնդրում են լուսանկարվել կամ ստորագրություն տալ: Երկրպագուներին հանդիպում եմ նաև քաղաքում զբոսնելիս կամ ռեստորան այցելելիս: Իհարկե, որոշ երկրպագուներ կարող են ուրախ լինել, ոմանք՝ ոչ այնքան, դա նորմալ է, քանի որ չես կարող բոլորի կողմից սիրված լինել, սա ֆուտբոլ է: Ամեն դեպքում, ես անում եմ ինձնից կախված ամեն բան՝ նրանց երջանկացնելու համար … դա կլինի գոլով, թե գոլային փոխանցում կատարելով, կամ էլ՝ պարզապես լավ խաղ ցուցադրելով:Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ ակումբը հաղթի, չնայած՝ իհարկե ուրախ եմ լինում երբ գոլ կամ գոլային փոխանցում եմ կատարում:

-Գիտեմ, որ դիտում ես Netflix-ի վավերագրական ֆիլմը NBA-ի մասին: Այնտեղ կա մի դրվագ, երբ Մայքլ Ջորդանն ասում է՝ «Ես պարզապես պրոֆեսիոնալ խաղացող եմ, ես ակտիվիստ չեմ»: Ո՞րն է քո կարծիքը սրա վերաբերյալ:

-Եթե նա այդպես է ասում, ուրեմն ճիշտ է: Չես կարող ակտիվիստ լինել, երբ զբաղվում ես սպորտով: Օրինակ ես ամբողջովին կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա: Չեմ մտածում որևէ այլ բանի մասին: Ֆուտբոլից դուրս որևէ բան անելն իմը չէ: Ես ինձ նվիրել եմ ֆուտբոլին, իմ աշխատանքը ֆուտբոլ խաղալն է: Խուսափում եմ որևէ պրովոկացիոն բան ասելուց: Ես վայելում եմ ֆուտբոլը:

-Դու դեռահասներին ու առհասարակ քո երկրպագուներին տալիս ես ավելին, քան պարզապես ֆուտբոլային լավ հնարքները դաշտում: Երբևէ մտածե՞լ ես այս մասին: Ի՞նչ ես ներկայացնում քո երկրպագուներին, բացի գեղեցիկ ֆուտբոլը:

-Երբ նոր սերունդը քո մեջ կուռք է տեսնում, նշանակում է, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես: Այսինքն, եթե նրանք քո մեջ ինչ-որ բան են տեսնում, որ կարող են սովորել, նշանակում է՝ դու ամեն ինչ ճիշտ ու լավ ես անում: Ես ինքս միշտ երազել եմ լավ ֆուտբոլիստ դառնալու մասին, որպեսզի մարդիկ նայեն ինձ, հպարտանան ինձնով ու ինչ-որ բան սովորեն ինձնից: Եթե նրանք որևէ նոր բան են սովորում քեզնից, ուրեմն հիանալի աշխատանք ես անում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում