Ալեքսանդր Գրիգորյանն ու Ուրարտուի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Ալեքսանդր Գրիգորյանն ու Ուրարտուի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ու թիմի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ այս պահին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան:

Այս մասին ArmSport-ի հարցմանն ի պատասխան հայտնել են երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից:

Այս պահին ակումբի կողմից տարվում են աշխատանքներ՝ գլխավոր մարզչի և ֆուտբոլիստների վերադարձը կազմակերպելու համար, բայց դեռևս ապարդյուն:

«Ալեքսանդր Գրիգորյանի բացակայության ընթացքում մարզումներն անցկացնում են տեղի մարզիչները, բայց ամեն ինչ կատարվում է նրա վերահսկողությամբ: Նա իր ցուցումներն է տալիս, խաղերին հետևում է օնլայն տարբերակով: Ամեն ինչ վերահսկվում է գլխավոր մարզչի կողմից»,- մեզ հետ զրույցում նշել է «Ուրարտուի» մամուլի քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Նշենք՝ այս ընթացքում «Ուրարտուն» երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ նախ մայիսի 11-ին պարտվելով «Լոկոմոտիվին» (1-2), այնուհետև մայիսի 17-ին 2-0 հաշվով առավելության հասնելով «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

Մայիսի 14-ին էլ պետք է կայանար «Ուրարտու»-«Վեստ Արմենիա» ստուգողական խաղը, սակայն այն չեղարկվեց ու այդ օրն «Ուրարտուն» երկկողմանի խաղ անցկացրեց:

Բարձրագույն խմբի վերսկսվող առաջնությունում «Ուրարտուն» իր առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 25-ին: 18-րդ տուրի շրջանակում երևանյան թիմն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում իր ուժերը կչափի «Արարատի» հետ: Խաղի մեկնարկը 18:30-ին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում