ՀՖՖ-ն մշակել է պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց

ՀՖՖ-ն մշակել է պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՄայիսի 23-ին վերսկսվելու է Հայաստանի Բարձրագույն խմբի, իսկ մայիսի 30-ին՝ Առաջին խմբի առաջնությունը: Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված առողջապահական նոր իրավիճակից ելնելով՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան մշակել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց։

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Թե՛ Բարձրագույն, թե՛ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից 2 օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ակումբի ամբողջ անձնակազմին (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ և այլն) և թեստերի պատասխաններն անմիջապես ուղարկել ՀՖՖ ՄԿԱ բաժնի էլեկտրոնային հասցեին ([email protected]):

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԹԻՄԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՏԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Կրճատել տնից դուրս գալը և հյուրերի ընդունումը: Խուսափել մարդկային կուտակումներից և հասարակական տրանսպորտից: Պահպանել անձնական հիգիենայի կանոնները /առանձին սպասք, խոզանակ, սրբիչ, սպիտակեղեն:

ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԲԱԶԱՅՈՒՄ

Նվազեցնել հավաքները փակ տարածքներում: Ժողովների ժամանակ պահպանել 1-2 մետր սոցիալական հեռավորություն: Հազալիս և փռշտալիս պահպանել 1-2 մետր սոցիալական հեռավորություն և ունենալ թաշկինակ:

ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

Ցանկալի է, որպեսզի թիմը հյուրանոցում զբաղեցնի մեկ հարկ: Վերելակի կոճակները սեղմել արմունկով: Չայցելել լոբբի բար, չպատվիրել որևէ ծառայություն: Ֆուտբոլիստների և պաշտոնյաների՝ սենյակներում գտնվելու ժամանակահատվածում արգելվում է սենյակների մաքրումը հյուրանոցի աշխատակիցների կողմից:

ՄԻՆՉԵՎ ԽԱՂԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Մարզադաշտում կարող է ներկա գտնվել առավելագույնը 150 անձ (ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցների քանակը չի ներառվում վերոնշյալ թվաքանակի մեջ): Յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պետք է ներդնի հավատարմագրման համակարգ և վերահսկի, որպեսզի յուրաքանչյուր անձ մարզադաշտի տարածք մուտք գործի միայն անհատական հավատարմագրի առկայության դեպքում և դա կրի խաղի ամբողջ ժամանակահատվածում: Մարզադաշտում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ դիմակ: Հնարավորության դեպքում թիմերի մուտքը մարզադաշտի տարածք կազմակերպել տարբեր մուտքերով: Յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պարտավոր է կազմակերպել լրագրողների հավատարմագրում, որի արդյունքում կարող է հավատարմագրվել առավելագույնը 10 լրագրող՝ ըստ դաշտի տեր ակումբի հայեցողության: Ընդ որում, ներկա գտնվող բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն դիմակներ: Մուտքի մոտ ջերմաչափման կազմակերպում /հեռավար ջերմաչափով/: Մարմնի 37 և ավել աստիճանի ջերմության արձանագրման դեպքում տվյալ անձի մուտքը մարզադաշտ արգելվում է: Թիմերը պետք է ժամանեն մարզադաշտ տարբեր ժամերի: Թիմային ավտոբուսները խաղերին մեկնելուց առաջ պետք է ախտահանվեն: Նախախաղային խորհրդակցությունն անցկացվում է պաշտպանիչ դիմակներով՝ պահպանելով սույն ուղեցույցով նշված սոցիալական հեռավորությունը: Գնդակ մատակարարող երեխաների քանակը պետք է լինի 6-8: Նրանք խաղի ամբողջ ժամանակահատվածում պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ: Պատգարակ տեղափոխող անձնակազմը պետք է խաղի ամբողջ ժամանակահատվածում կրի պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ: Եթե ակումբի անձնակազմը մարզադաշտ է ժամանում միևնույն ավտոբուսով, ապա ավտոբուսի մեջ ներկա ողջ անձնակազմը պետք է կրի դիմակ: Ցանկալի է՝ դաշտի տեր ակումբի ֆուտբոլիստները և պաշտոնյաները ժամանեն մարզադաշտ անձնական մեքենաներով: Դաշտի տեր ակումբը նախավարժանքից առաջ, խաղից անմիջապես առաջ, ընդմիջմանը և խաղից անմիջապես հետո պետք է ապահովի խաղի գնդակների, ինչպես նաև խաղի գնդակի համար նախատեսված տակդիրի ախտահանումը: Ընդհանուր առմամբ դաշտի տեր ակումբը խաղից առաջ, ընթացքում և խաղից հետո պետք է ապահովի մարզադաշտի բոլոր այն տարածքների ախտահանումը, որտեղ առկա է ֆուտբոլիստների, պաշտոնյաների և ակումբների անձնակազմի տեղաշարժ և անցուդարձ՝ այդ թվում հիմնական տրիբունայի՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված հատվածը և լրագրողների նստատեղերը:

ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ

Մարզադաշտի տարածքում գտնվող օգտագործվող հանդերձարանները և սենյակները խաղից առաջ անհրաժեշտ է ախտահանել: Դռները պետք է բաց լինեն, երբ խաղի պաշտոնյաները և ֆուտբոլիստները գտնվում են հանդերձարաններում և սենյակներում: Հանդերձարաններում ֆուտբոլիստները պետք է պահպանեն նվազագույնը 1 մետր սոցիալական հեռավորություն: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ունենա անհատական տարաներ ջրի և հեղուկների համար: Թիմերի բուժանձնակազմերի ներկայացուցիչները պարտադիր պետք է կրեն դիմակներ:

ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔԸ ԵՎ ԽԱՂԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Հիմնական կազմի և պահեստային ֆուտբոլիստները նախավարժանքը կատարում են միմյանցից առանձին: Խաղադաշտ դուրս գալիս թիմերը չպետք է միաժամանակ գտնվեն թունելում: Խաղից առաջ թիմերը չեն շարվում դեմքով դեպի հիմնական տրիբունա: Պահեստայինների նստարանին գտնվող ֆուտբոլիստները և պաշտոնյաները պետք է նստեն միմյանցից նվազագույնը 1 մետր հեռավորության վրա և կրեն պաշտպանիչ դիմակ ամբողջ խաղի ժամանակահատվածում: Պահեստայինների նստարանի՝ համապատասխան երկարություն չունենալու պարագայում, թույլատրվում է աթոռները տեղակայել նստարանի շարունակությամբ կամ մարզադաշտի ենթակառուցվածքից կախված՝ հիմնական տրիբունայի առաջին շարքերում: Փոխարինված ֆուտբոլիստները հնարավորության դեպքում պահեստայինների նստարանին նստելու փոխարեն պետք է տեղափոխվեն մարզադաշտի տրիբունա՝ պահպանելով սույն ուղեցույցով նախանշված սոցիալական հեռավորությունը:

ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

Յուրաքանչյուր թիմի կթույլատրվի կատարել առավելագույնը 5 (հինգ) փոխարինում: Խաղի ընթացքի հաճախակի ընդհատումներից խուսափելու նպատակով յուրաքանչյուր թիմ խաղի ընթացքում կունենա միայն 3 հնարավորություն (դադար) փոխարինում կատարելու համար. փոխարինումները կարող են կատարվել նաև ընդմիջման ժամանակ, որը չի հաշվարկվի, որպես օգտագործված հնարավորություն: Եթե երկու թիմերն էլ փոխարինում կատարեն նույն պահին, դա կհաշվարկվի որպես յուրաքանչյուր թիմի 3 հնարավորություններից մեկը: Չօգտագործված փոխարինումները և փոխարինման հնարավորությունները կտեղափոխվեն ավելացված ժամանակ: Եթե մրցումների կարգը թույլատրում է խաղի լրացուցիչ ժամանակում հավելյալ փոխարինում, ապա թիմերից յուրաքանչյուրը կունենա փոխարինման մեկ հավելյալ հնարավորություն. Փոխարինումներ կարող են կատարվել նաև մինչև լրացուցիչ ժամանակի մեկնարկը և լրացուցիչ ժամանակի ընդմիջման ժամանակ:

ԽԱՂԻ ԱՄԲՈՂՋ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ

Ձեռքսեղմումները: Թիմային լուսանկարը: Գրկախառնությունները: Դրոշների և հուշանվերների փոխանակումը:

ԽԱՂԻՑ ՀԵՏՈ

Հետխաղյա մամուլի ասուլիսները և բրիֆինգները չեղարկվում են և անցկացվում են միայն հեռավար տարբերակով: Հետխաղյա ասուլիսների և բրիֆինգների առցանց կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դաշտի տեր ակումբի ԶԼՄ-ների հարցերով պատասխանատուների վրա:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման 2019-20 մրցաշրջանի կանոնակարգի այն հոդվածները, որոնք նշված չեն սույն Ուղեցույցում, շարունակում են մնալ պարտադիր կատարման համար: ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET Հայաստանի Գավաթի խաղարկության վերսկսումից հետո թիմերի կազմում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման դեպքում ՀՖՖ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները մրցաշրջանը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար և ՀՀ Պարետատան հետ քննարկումների արդյունքում կկայացնի համապատասխան որոշումներ՝ ըստ իրավիճակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում