Պաշտոնական․ Դավիդ Կամպանյան հեռացավ Լոռիից

Պաշտոնական․ Դավիդ Կամպանյան հեռացավ Լոռիից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Լոռիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի եւ Էնրիկե Խիլի պայմանագրերն ավարտվել են։

Ակումբը ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։

Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր անցած տարվա ամառվանից: Կամպանյայի գլխավորությամբ վանաձորյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ 19 խաղից հետո վաստակած 33 միավորով:

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Դավիդ Կամպանյային եւ նրա օգնականներին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի եւ նվիրվածության համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում։

Ավելի վաղ ArmSport-ին հայտնի էր դարձել, որ 52-ամյա մասնագետ Աբրահամ Խաշմանյանը կնշանակվի «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Ըստ մեր տեղեկությունների, Աբրահամ Խաշմանյանն արդեն համաձայնության է եկել «Լոռիի» հետ, սպասվում է, որ վանաձորյան ակումբը շուտով պաշտոնապես կհայտարարի այդ մասին: «Արագածի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արա Նիգոյանը մարզչական կարիերան ևս կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Ըստ մեր տեղեկությունների Նիգոյանի հետ միասին վանաձորյան թիմի մարզչական շտաբը կհամալրի նաև Առաջին խմբի առաջնության մեկ այլ թիմի՝ «Սևանի» ներկայիս գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը։

Հիշեցնենք՝ Արա Նիգոյանը մայիսի 19-ին էր նշանակվել «Արագածի» գլխավոր մարզչի պաշտոնում և երկու օր առաջ՝ մայիսի 31-ին, իր առաջին հանդիպումն էր անցկացրել թիմի ղեկին՝ 4-1 հաշվով առավելության հասնելով «Տորպեդոյի» նկատմամբ:

Երեկ արդեն՝ բավականին անսպասելի, «Արագածը» հայտարարեց, որ Նիգոյանի ու ակումբի միջև պայմանագիրը խզվել է, քանի որ մասնագետն այլ առաջարկ է ստացել և ցանկանում է փոխել աշխատավայրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում