Կոչ եմ անում չշահարկել Ալեքսանյանի անունը ձեր էժան փիարի համար. Արթուրի հայրը հերքել է որդու՝ Գյումրու քաղաքապետ դառնալու մասին շշուկները

Կոչ եմ անում չշահարկել Ալեքսանյանի անունը ձեր էժան փիարի համար. Արթուրի հայրը հերքել է որդու՝ Գյումրու քաղաքապետ դառնալու մասին շշուկները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amՕլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով մամուլում տարածվող այն շշուկները, թե անվանի մարզիկը կարող է Գյումրու քաղաքապետ դառնալ:

«Հրապարակ» թերթն այսօր գրել էր՝ օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021-ին առաջադրեն գյումրեցի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։ Աղբյուրի փոխանցմամբ, Ալեքսանյանին մի քանի օր առաջ անգամ հյուրընկալել են կառավարությունում և հայտնել այդ մտադրության մասին։ Մի շարք լրատվամիջոցների կողմից այս տեղեկությունն ակտիվորեն տարածվում էր.

«Հասկանալի է, որ «Հրապարակ» օրաթերթն այլ կերպ չի կարող հրավիրել ընթերցողի ուշադրությունը, քան չեմպիոնի մասին բացահայտ սուտ հոդվածներ գրելն է, որը նաև ջանասիրաբար տարածում են մյուս լրատվամիջոցները։

Հայտնում եմ, որ հոդվածը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։ Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը ձեր էժան փիարի համար»,- Գևորգ Ալեքսանյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Ալեքսանյանի խոսքով, Արթուրն այս պահին մարզվում է և պատրաստվում է Օլիմպիական խաղերին.

«Երկրի պատիվը բազմիցս բարձր պահած մարզիկին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ։ Ամո՛թ է»,– եզրափակել է իր խոսքը Գևորգ Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում