«Բավարիա»-«Սևիլիա» հանդիպմանը հանդիսատես կլինի

«Բավարիա»-«Սևիլիա» հանդիպմանը հանդիսատես կլինի

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր հայտարարել է, որ Բուդապեշտում թույլատրել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացումը սահմանափակ թվով հանդիսատեսի՝ մարզադաշտի կարողությունների մինչև 30 տոկոս, մասնակցությամբ։ championat.com-ի հաղորդմամբ, նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:

ՈւԵՖԱ-ի հովանավորությամբ անցկացվող բոլոր մյուս հանդիպումները կշարունակվեն առանց հանդիսականների մինչև հետագա ծանուցումը, ինչպես նախապես ծրագրված էր:

«Կարևոր էր ցույց տալ, որ ֆուտբոլը կարող է շարունակվել նաև դժվար պահերին, բայց առանց երկրպագուների խաղը կորցրել է իր նշանակության մի մասը: Հուսով ենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Բուդապեշտում կօգտագործենք որպես փորձնական նախագիծ, որը կդառնա խաղերին երկրպագուների վերադարձի սկիզբը։

Մենք սերտ համագործակցում ենք Հունգարիայի ֆեդերացիայի և երկրի կառավարության հետ՝ հանդիսատեսի և ֆուտբոլիստների համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար: Մենք չենք վտանգի մարդկանց առողջությունը», – ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

«Բավարիա»-«Սևիլիա» խաղը կկայանա սեպտեմբերի 24-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում