Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը մեկ ամսով կկալանավորվի․ պաշտպանը բողոքարկելու է որոշումը

Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը մեկ ամսով կկալանավորվի․ պաշտպանը բողոքարկելու է որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննիչի միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մալաքյանի պաշտպան Գոռ Մելքումյանը:

Պաշտպանը տեղեկացրեց, որ դատարանը մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ «Քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարվել, ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ: Բողոքարկելու ենք դատարանի որոշումը: Բողոքարկման համար նախատեսված է հնգօրյա ժամկետ, այդ ժամկետում էլ կբողոքարկենք»,- ասաց պաշտպանը:

Ճշտող հարցին՝ բողոքարկելու հիմքը ո՞րն է լինելու, նա պատասխանեց. «Դեռևս որոշմանը ծանոթ չեմ, բայց քանի որ միջնորդությանն ամեն դեպքում ծանոթ եմ և գիտեմ՝ ինչը կարող է դրված լինել հիմքում, վստահ եմ, որ կբողոքարկենք, բայց թե ինչ կդնենք բողոքարկման հիմքում, որ մասով է դատարանը հաստատված համարել, որը՝ չէ, դա այս պահին չեմ կարող ասել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները Կասկադի մոտակայքում պետավտոտեսուչների հետ վիճաբանել էին։ Ոստիկանությունից հայտնել էին, թե Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:

Համաձայն Քննաչական կոմիտեի հաղորդման՝ օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ:

Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում