Էդգար Մալաքյանը կալանավորվեց 1 ամսով․ Գոռ Մալաքյանի վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել

Էդգար Մալաքյանը կալանավորվեց 1 ամսով․ Գոռ Մալաքյանի վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Էդգար Մալաքյանը կկալանավորվի 1 ամսով։ Լուրը Armsport-ի հետ զրույցում հաստատել է ֆուտբոլիստների պաշտպան Գոռ Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ կայացնելու Գոռ Մալաքյանի վերաբերյալ որոշում։ Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք այսօր դատարանը կհրապարակի Գոռ Մալաքյանի վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ եղբայրները երեկ երեկոյան ազատ են արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից։ Լրացել էր ձերբակալվելու 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։

Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա եւ 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները ընկերոջ եւ մի քանի այլ անձանց հետ գտնվել են «Կասկադին» հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՃՈ 2 տեսուչներ ծառայություն իրականացնելիս նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան եւ բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս, տեղեկացնելով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստը, կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող 2 եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, եւ մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը եւ տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Այս ընթացքում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ 2 քննիչներ, նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից հնչեցրել են հայհոյանքներ եւ բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում