Մեկնաբանը բացատրեց, թե ինչու է Ռոնալդուն ավելի լավը Մեսսիից, բայց կարևորը դա չէ

Մեկնաբանը բացատրեց, թե ինչու է Ռոնալդուն ավելի լավը Մեսսիից, բայց կարևորը դա չէ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՖուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրը լի էր իրադարձություններով։ Հին մայրցամաքի գլխավոր մարզաձևի սիրահարների համար այս «միդուիքում» կար մի խաղ, որն առանձնացավ յուրօրինակ կերպով։ Ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո նույն դաշտում դարձյալ նրանք էին՝ Լեո Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն։

«Յուվենտուսը» հաղթեց «Բարսելոնային» 3-0 հաշվով։ Այո՛, Ռոնալդուն դուբլ գրանցեց, ճիշտ է, երկու գնդակներն էլ խփեց 11-մետրանոցից։ Բայց անգամ այս պարագայում նա դարձյալ թարմացրեց մի շարք ռեկորդներ ու կարիերայի ընթացքում առաջին անգամ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնային» գոլ խփեց․․․գոլեր։

Խաղից առաջ Ռոնալդուն ու Մեսսին ողջունեցին իրար։

«Բարսելոնայի» դժգույն խաղի պարագայում Ռոնալդուն փայլեց անգամ իր 11-մետրանոցներով։ Հանդիպումից հետո համացանցը քննարկում էր խաղի մեկնաբաններից մեկի խոսքերը․

«Դուք կարող եք միշտ վիճել, թե ով է լավագույնը նրանցից, բայց երբ հերթը հասնում է «մեծ բեմերին», Ռոնալդուն մրցակից չունի»։

Ռոնալդուն մեկ անգամ չէ, որ մեծ խաղերում ցույց է տվել, թե ինչ խաղամակարդակի ֆուտբոլիստ է ինքը։ Բայց և բազմաթիվ են օրինակները, թե ինչպես է փայլել Լեոն մեծ խաղերում։ Ու դա արգենտինացին արել է նաև այն ժամանակ, երբ դաշտում եղել է Ռոնալդուն։ Այնպես որ մեկնաբանի խոսքի առաջին հատվածը ավելի արդիական է նրանց մասին խոսելիս․ «Դուք կարող եք միշտ վիճել, թե ով է լավագույնը նրանցից․․․»։

Ռոնալդուն անկեղծացավ խաղից հետո․

«Ես նրան երբեք չեմ դիտարկել որպես իմ մրցակից։ Այդ ամենը մեդիայի գործն է։ Եթե հարցնեք Լեոյին, դուք նույն պատասխանը կստանաք»։

Տարիքի հետ փոխվում է նաև մտածելակերպը։ Այո՛, մեդիան շատ է աշխատել այս մրցակցության վրա, բայց ամեն դեպքում չենք կարող չընդունել, որ տարիներ առաջ այս ֆուտբոլիստների միջև պայքարը ուղղակի անբացատրելի էր։ Ու թերևս դրանով է պայմանավորված նրանց երկուսի բացառիկ նվաճումները։ Այո՛, Ռոնալդուն ու Մեսսին գուցե մրցակիցներ չեն այլևս, սակայն նրանք երկու գերհզոր ֆուտբոլիստներ են, որոնք իրենց խաղով միմյանց ավելի լավն են դարձրել տարիների ընթացքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում