Զիդանը՝ Կումանի մեկնաբանության մասին. Դա ինձ անհանգստացնում է, քանի որ ես երբեք չեմ խոսում մրցավարության մասին

Զիդանը՝ Կումանի մեկնաբանության մասին. Դա ինձ անհանգստացնում է, քանի որ ես երբեք չեմ խոսում մրցավարության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 15-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղին ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

– Կումանի մեկնաբանության մասին Ռամոսի՝ ձեռքով խաղի վերաբերյալ.

– Դա անհանգստացնում է ինձ, քանի որ ես երբեք չեմ խոսում մրցավարության մասին: Մրցավարները այս խաղի մի մասն են: Նրանք կարող են սխալներ գործել, ինչպես խաղացողներն ու ինչպես մեզնից բոլորը կյանքում: Հարգելով Կումանի մեկնաբանությունները՝ ես չեմ ասում ոչինչ, քանի որ ես միայն մտածում եմ վաղվա խաղի մասին:

– «Ռեալի» դարպասին նշանակված 5 11-մետրանոցների ու նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին.

– Երբ «Ռեալի» հետ կապված որևէ յուրօրինակ բան է լինում մրցավարների առնչությամբ, դրա մասին շատ է խոսվում: Սա «Մադրիդն» է, ու մենք պետք է համակերպվենք դրա հետ: Դա փոքր-ինչ բարկացնում է ինձ, որ մենք խոսում ենք այս մասին հիմա: Մեզ հետաքրքրում է վաղվա խաղը: Ուզում ենք կենտրոնանալ դրա վրա:

– Մոդրիչի մասին.

– Նա մի փոքր անհարմարություն ունի: Հուսանք՝ լուրջ բան չկա: Բայց ինչպես միշտ, մենք ռիսկի չենք դիմելու, ու դեռևս պարզ չէ նա կապաքինվի՞ հանգստյան այս օրերին:

– Ազարի մասին.

– Էմոցիոնալ առումով նրա համար հեշտ չի եղել մինչև այս պահը: Հիմա նա լավ տեսք ունի: Այսպիսի դեպքերում դու պետք է համբերությամբ մոտենաս գործին ու ամեն ինչ անես քիչ-քիչ:

«Ռեալ Մադրիդ» – «Գրանադա» խաղը կայանալու է վաղը ու սկսվելու է Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում