Խաղում էինք մեր ազգի համար. Սարգիս Ադամյանը՝ պատերազմի օրերին Վրաստանին հաղթելու մասին

Խաղում էինք մեր ազգի համար. Սարգիս Ադամյանը՝ պատերազմի օրերին Վրաստանին հաղթելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am2020 թվականը Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի համար, գերմանական ակումբի բնորոշմամբ, քամբեքների տարի էր: Փետրվարին Ադամյանը կոճի վնասվածք ստացավ ու ստիպված եղավ մի քանի ամիս բաց թողնել: Իր վերադարձից կարճ ժամանակ անց՝ նոեմբերին, Սարգիսն արդեն կորոնավիրուսի պատճառով դուրս մնաց շարքից: Այդուհանդերձ 27-ամյա հայ ֆուտբոլիստը հաղթահարել է նաև այդ փորձությունն ու «Հոֆենհայմի» մամուլի քարուղարության հետ զրուուցում խոսել է ապաքինման ընթացքի, Ազգաjին հավաքականի ելույթների և Հայաստանում ստեղծված պատերազմական ծանր իրավիճակի մասին.

-Միջազգային մակարդակում դու միայն «Հոֆենհայմի» կազմում չէ, որ գոլեր ես խփում: Տարվա վերջին միջազգային խաղում դու խփեցիր Հայաստանի հավաքականի հաղթական գնդակը Վրաստանի դեմ խաղում: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին այդ հաղթանակն, անկասկած, շատ էմոցիոնալ լուսաբանվեց մեդիայում և սոցիալական ցանցերում:

-Մեզ համար դա կարևոր խաղ էր:Դա ավելին էր, քան ֆուտբոլը: Ցանկանում էինք մեր խաղով փոքր-ինչ ուրախացնել հայ ազգին այդ դժվարին իրավիճակում: Այդ պահին լավ զգալու համար շատ բան չունեինք, ու մենք ցանկանում էինք խաղալ հատուկ մեր ազգի ու հայրենակիցների համար: Այդ խաղից հետո շատ արձագանքներ ստացա և ինձ համար շատ մեծ նշանակություն ունեցավ այն, որ երկրի համար այդ դժվարին ժամանակներում կարողացա մարդկանց մի փոքր ուրախացնել:

-Եթե այդպիսի պահի հաղթական գոլ ես խփել, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հերոս ես քո երկրում:

-Ոչ: Ի վերջո, մենք պարզապես ֆուտբոլ ենք խաղում: Ինձ համար հիվանդանոցներում աշխատող մարդիկ են արժանի այդ կոչմանը: Մարդիկ, ովքեր պայքարում են իրենց երկրի և մարդկանց կյանքերի համար: Նրանք են իսկական հերոսները:

-Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ պատերազմ: Քո հայրենիքում ստեղծված իրավիճակի ֆոնին ինչպե՞ս ես քեզ զգում:

-Շատ տխուր է: Խելահեղություն է տեսնել, թե մարդիկ ինչպես են կռվում իրենց կյանքի համար: Հուսով եմ՝ ամեն ինչ շուտով կավարտվի: Չի կարող այնպես լինել, որ 18 տարեկան տղաները գնան ու պատերազմեն՝ իրենց հայրենիքը պաշտպանելով: Հասկանում ես, որ իրականում խնդիր չէ, երբ մի քանի ամիս անցկացնում ես առանց ֆուտբոլ խաղալու:

-Ունե՞ս բարեկամներ, ովքեր տուժել են ստեղծված իրավիճակից:

-Ընտանիքիս անդամներից ոմանք դեռևս ապրում են Հայաստանում, բայց բարեբախտաբար ստիպված չեղան տեղահանվել կամ փախչել: Նրանք ապրում են Երևանում: Բայց անկասկած նրանք էլ են տուժել այդ իրավիճակից: Հուսով եմ՝ նրանք շուտով առիթներ կունենան նորից ուրախ լինելու:

– 5 տարեկանում ընտանիքիդ հետ միասին տեղափոխվել ես Հայաստանից: Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը:

-1998 թվականն էր, հայրիկս կորցրել էր իր աշխատանքը: Հորաքույրս դրանից երկու տարի առաջ արդեն իսկ տեղափոխվել էր Գերմանիա և օգնեց մեզ: Նոր կյանք սկսեցինք այստեղ:

-Ինչպիսի՞ն էին սկզբնական տարիները քեզ և քո ընտանիքի համար: Օտար երկիր, օտար լեզու …

-Սկզբնական օրերը դժվարությամբ եմ հիշում: Ես ընդամենը 5 տարեկան էի այդ ժամանակ: Անկասկած, հեշտ չէր: Հատկապես լեզվի առումով: Բայց մենք փորձեցինք հնարավորինս շուտ սովորել գերմաներեն: Որպես փոքր երեխա՝ ինձ համար դա այնքան էլ բարդ չէր: Խաղադաշտում շատ էի հանդիպում այլ երեխաների ու դա ինձ շատ օգնեց: Դաշտում կարևոր չէ, թե դու որտեղից ես և ինչ լեզվով ես խոսում: Կարևոր է միայն գնդակը: Շատ գեղեցիկ մանկություն եմ ունեցել և վայլելել եմ այն:

-Իսկ հիմա ինչպե՞ս է ընտանիքդ: Դեռ միմյանց հետ հայերե՞ն եք խոսում:

-Այո, ամեն ինչ հիանալի է: Ծնողներս հիմա ապրում և աշխատում են Համբուրգում և ապրում են իմ երեք քույրերից մեկի հետ: Նրանք ևս իրենց շատ լավ են զգում Գերմանիայում: Բայց մեր ընտանիքում իրար հետ միայն հայերեն ենք խոսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում