Կլոպ․ ՄՅՈՒ-ն երբեք չի կարող աութսայդեր լինել

Կլոպ․ ՄՅՈՒ-ն երբեք չի կարող աութսայդեր լինել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համամիտ չէ այն մտքին, որ ՄՅՈՒ-ի դեմ խաղում իր թիմը ֆավորիտ է լինելու։

ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը ուրբաթ օրը հայտնել էր, որ իր թիմի հաղթանակը որպես սենսացիա ու շոկ կընդունվի։ «Մենք թեկնածու ենք, նրանք՝ չեմպիոն»,-ասել էր Սուլշերը նախախաղային ասուլիսին։ Կլոպը համամիտ չէ դրա հետ։

«Ես 5 տարի աշխատել եմ Անգլիայում, ու «Յունայթեդը» երբեք աութսայդեր չի եղել։ Այդպիսի բան լինել չի կարող։ Ուղղակի այդպես է ձևը։ Նրանք միշտ լավ թիմ ունեն, գերազանց խաղացողներ, իսկապես լավ մարզիչներ։ Միշտ այդպես է եղել ու հիմա նրանք մրցաշարային աղյուսակի վերևում են։ Իրերն այդպես են դասավորված։

Նրանք չեն կարող աութսայդեր լինել, բայց մենք տանն ենք խաղում ու մեզ էլ այդպիսին չենք համարում միայն նրա համար, որ նրանք մեզնից առաջ են։ Պետք է առավելությունը մեր կողմը լինի։

Սովորաբար ՄՅՈՒ-ն սխեման մեր դեմ է փոխում։ Նրանք տասը անգամ 4 պաշտպաններով են խաղացել, իսկ «Լայպցիգի» դեմ՝ 5 պաշտպաններով, այնպես որ, հավանաբար, նրանք փոփոխություններ կանեն։ Պիտի մտածենք այդ մասին, ոչ թե նրա, թե ով է աութսայդեր։ «Լիվերպուլը» «Յունայթեդի» դեմ է խաղալու, իսկ դա ինքն իրենով մասշտաբային խաղ է։ Աշխարհում որտեղ էլ լինեի, կնայեի այդ խաղը»,-Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում