Հայ դահուկորդը աշխարհի առաջնությանը լավ արդյունք է գրանցել

Հայ դահուկորդը աշխարհի առաջնությանը լավ արդյունք է գրանցել

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանի արդյունքը Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում նոր մակարդակի բարձրացրեց հայկական դահուկասպորտը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Վերցնելով նախորդ տարվա մասնակցությունը և այս տարվա արդյունքը, կարող եմ ասել, որ ճիշտ ճանապարհին ենք: Բրավո մարզիչներին, ովքեր այս ամբողջ ընթացքում մանրակրկիտ պլանավորում էին, աշխարհում Միքայելյանի հետ: Մենք մտահոգություն ունեինք, որ բաց թողնելով մի շարք միջազգային մրցաշարեր, որը կապված էր կովիդ հետ, լավ արդյունքի չենք հասնի, բայց Միքայելյանը իր լավագույն կողմերով փայլեց»,-առանձնացրեց գլխավոր քարտուղարը:

Սարգսյանի խոսքով` երիտասարդ դահուկորդի այս արդյունքը լուրջ հիմք կծառայի ապագայի դրական ձեռքբերումների համար: «Միքայելյանի արդյունքը հայկական դահուկասպորտն այլ մակարդակի բարձրացրեց: Մասնակից 30 պետություններից մենք 5-րդն էինք, մենք հավասարը հավասարի պայքար էինք տանում ռուսների, շվեդների հետ, ովքեր դահուկասպորտի երկարամյա «դպրոց» ունեն: Պետությունները միլիոնավոր եվրոներ են ծախսում նմանատիպ արդյունք գրանցելու համար»,-շեշտեց նա:

Միքայել Միքայելյանը դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ազատ ոճի 15կմ մրցատարածությունում 30 պետությունների 71 մասնակցի հետ պայքարում 36։17․10 արդյունքով գրավեց 8-րդ հորիզոնականը (ի դեպ 2020թ․-ին 11-րդն էր)։

Աղբյուրը՝ Արմենպրես

Հետևեք մեզ նաև Telegram-ում