ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ողջունել է Լևոն Արոնյանի տեղափոխությունը

ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ողջունել է Լևոն Արոնյանի տեղափոխությունը

ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆպաուիրը մեկնաբանել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի այդ երկրի հավաքականի կազմում հանդես գալու որոշումը:

«ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լևոն Արոնյանի տեղափոխությունը Միացյալ Նահանգներ: Քանի դեռ նա բնակություն չի հաստատի ԱՄՆ-ում, ֆեդերացիան իրավաբանորեն ոչ մի կապ չի կարող ունենալ շախմատիստի հետ: Ինչպես բոլոր տրանսֆերների ժամանակ, ԱՄՆ շախմատի ֆեդերացիան իրավունք չունի հրավիրել շախմատիստին կամ վճարել նրա տեղափոխության համար: Մեր դերը կայանում է նրանում, որպեսզի պատրաստենք շախմատիստի փաստաթղթերը, ելնելով ՖԻԴԵ-ի պահանջներից», – հայտարարել է ֆեդերացիայի նախագահը:

Սենթ-Լուիսում գտնվող շախմատային ակումբը այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի Լևոն Արոնյանը կտեղափոխվի Միսուրիի նահանգի Սենթ-Լուիս քաղաք և առաջիկա մրցաշարերում հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի տակ:

Հավելենք, որ Լևոն Արոնյանին ԱՄՆ է հրավիրել Սենթ-Լուիս քաղաքում անցկացվող Սինքֆիլդի գավաթի խաղարկության կազմակերպիչ, ամերիկացի գործարար Ռեքս Սինքֆիլդը, ով նույնպես խոսել է հայ շախմատիստի տեղափոխության մասին:

«Լևոն Արոնյանը Սինքֆիլդի գավաթում խաղում է դեռևս առաջին մրցաշարից սկսած, 2013 թվականից: Այդ տարիների ընթացքում ես նրան ճանաչել եմ որպես անզիջում պայքարող մարզիկի և իսկական ջենթլմենի: Երբ նա դիմեց մեզ և ցանկություն հայտնեց տեղափոխվել Սենթ-Լուիս և հանդես գալ ԱՄՆ-ի հավաքականից, ես հասկացա, որ դրանից լավ առաջարկ չկա: Ողջունում ենք նրան և գրկաբաց ընդունում», – ասել է ամերիկացի գործարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում