Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Մարտիրոսյանը և Մամեդյարովը մրցեցին թայ-բրեյքում, որտեղ արագ շախմատի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցուն: Արագ շախմատի երկրորդ պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ավարտվեց ոչ-ոքի: Երկու պարտիաների ընդհանուր հաշվով Շահրիյար Մամեդյարովը դուրս մնաց հետագա պայքարից:

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում խորվաթ Անտե Բրիչն է:

Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում