ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ Հայաստանը կարող է համատեղել ՄՄ- ի և ԵՄ-ի հետ համագործակցությունը

Հայաստանը կարող է համատեղել միջազգային տարբեր կառույցներին ինտեգրման գործընթացները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: «Մաքսային միությունը և Եվրամիությունը միջազգային կառույցներ են և Հայաստանի համար ներկայացնում են նախևառաջ տնտեսական հետաքրքրություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ հավելելով, որ դրանք իրարամերժ կառույցներ չեն և երկուսի հետ էլ կարելի է համագործակցել:

Բադեյանի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ այդ հակադրումը շատ ժամանակ ֆորմալ է: «Ամեն ինչ որոշում է ազգային մշակույթը, եւ ոչ մեկի համար գաղտինք չէ, որ Ռուսաստանն էլ «մշակութային» Եվրոպայի մի մաս է կազմում և ժամանակի ընթացքում նրանք կարող են միևնույն կառույցի մեջ լինել»,- ավելացրեց պատգամավորը:

Անդրադառնալով Վիլնյուսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, որին մասնակցելու է նաև Հայաստանը, Բադեյանն հույս հայտնեց, որ կուրվագծվեն Հայաստան-ԵՄ ապագա համագործակցության ուղիները:

ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև ռուսական առաջին ալիքով հեռարձակված ռեպորտաժին, որում նշվել էր, որ Հայաստանը չի միանալու Մաքսային միությանը Ադրբեջանի հետ ունեցած տարածքային խնդիրների պատճառով: «Դա ոչ մեկին չպետք է անհանգստացնի, քանի որ ընդամենը լրագրողի կարծիք է»,- ավելացրեց նա:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոկտեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՄՄ անդամ երկրները աջակցում են ՄՄ-ին միանալու Հայաստանի ջանքերին: Նույն օրը Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն ու Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Միասնական տնտեսական համագործակցությանը միանալու մասին», ինչպես նաեւ ՀՀ-ի’ եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցելու մասին հայտարարությունն ու Հուշագիր՝ ՀՀ եւ Եվրասի? ?կան տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխահարաբերությունները խորացնելու մասին:

Ազգությամբ ադրբեջանցի հաղորդավարուհի Իրադա Զեյնալովան ռուսական Առաջին հեռուստաալիքի եթերում հեռարձակված տեսանյութում նշել է, որ Մաքսային միությունն ի սկզբանե այնպիսի երկրների միություն է, որոնք հավասար պարտականություններ են կատարում: Ուստի Հայաստանի անդամակցության ցանկությանը պատասխանել են, որ առաջիկայում դա միայն ցանկություն էլ կմնա՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հետ չլուծված տարածքային խնդրի պատճառով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում