Ստուգողական խաղում «Միկան» և «Համարբյուն» 4-ական գնդակ են խփել

Ստուգողական խաղում «Միկան» և «Համարբյուն» 4-ական գնդակ են խփել

Ուսումնամարզական հավաք անցկացնող «Միկան» ստուգողական երրորդ խաղում ոչ-ոքի` 4-4 հաշվով ավարտեց հանդիպումը շվեդական «Համարբյուի» հետ. տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

Արդեն 2-րդ րոպեին Նորվեգիայի հավաքականի անդամ Ֆրեդրիկ Տորստեյնբոն գրավեց Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը, սակայն «Միկան» շատ արագ հավասարեցրեց հաշիվը: Պատասխան գրոհի ժամանակ շվեդների պաշտպանը ձեռքով խաղաց տուգանային հրապարակում, եւ մրցավարը  նշանակեց 11-մետրանոց, որը հստակորեն իրացրեց Վարդգես Սաթումյանը:

22-րդ րոպեին շվեդները 2-րդ հարկում հաղթող դուրս եկան եւ առաջ անցան հաշվի մեջ: Արամ Ոսկանյանի թիմին կրկին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 37-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը աջ եզրով երկար ուղերթ կատարեց, արագությամբ մտավ տուգանային հրապարակ, սակայն նրան կոպտորեն վայր գցեցեին, եւ մրցավարը կրկին ցույց տվեց 11-մետրանոցի նշակետը: Այս անգամ գնդակին մոտեցավ Սարգիս Կարապետյանը, որի հարվածը անկասելի էր: Ընդամենը 3 րոպե հետո «Միկան» երրորդ գնդակը խփեց: Ջերեմիա Ջոնը առաջ պոկվեց պաշտպաններից, մի ակընթարթ պաուզա տվեց եւ գնդակը փոխանցեց Վարդգես Սաթումյանին, որն էլ իր հնարավորությունը չկորցրեց: Առաջին կեսի վերջին րոպեին բարձրահասակ շվեդները կրկին օդային պայքարում հաղթեցին, եւ Նահիր Բեսարան գլխի հարվածով հաշիվը դարձրեց 3-3:

Ընդմիջումից հետո «Համարբյուն» փորձեց պրեսինգով խաղալ եւ անընդհատ փորձում էր զանգվածային ճնշում գործադրել: Սակայն գոլային իրական պահեր չէր լինում, չնայած 53-րդ րոպեին «Համարբյուի» իսպանական ծագումով Պաբլո Պիյոնես-Արչեն, որը Շվեդիայի ազգային հավաքականի անդամ է, մոտ 25 մետրից անակնկալի բերեց արեւի կուրացնող ճառագայթների դիմաց խաղացող դարպասապահ Գոռ Էլյազյանին:

Բաց թողած գոլից հետո «Միկան» նետվեց առաջ` հիմնականում ձգտելով գնդակը ցածրից խաղարկել, քանի որ երկրորդ հարկում 185-190 սմ հասակ ունեցող սկանդինավցիներին անհնար էր գրեթե հաղթել: 69-րդ րոպեին Ջերեմիա Ջոնը արագությամբ շրջանցելով մի քանի պաշտպանների մտավ տուգանային հրապարակ եւ հաշվենկատ փոխանցում կատարեց 17-ամյա Ալիկ Առաքելյանին, որն էլ հավասարեցրեց հաշիվը: Մինչեւ խաղավարտ «Միկան» ևս մի քանի լավ հնարավորություններ ունեցավ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ:

Շվեդական թիմի հետ խաղին «Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ասպարեզ դուրս բերեց հետեւյալ ֆուտբոլիստներին. Գեւորգ Կասպարով (Գոռ Էլյազյան, 46), Գեւորգ Պողոսյան, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Վարդան Մովսիսյան (Աշոտ Կարապետյան, 70), Արմեն Պետրոսյան (Արթուր Ադամյան, 64), Սարգիս Կարապետյան (Գոռ Պողոսյան, 52), Վարդգես Սաթումյան (Արման Հակոբյան, 76), Տիգրան Բարսեղյան (Հայկ Ոսկանյան, 82), Ռաֆայել Ղազարյան (Ալիկ Առաքելյան, 54), Ջերեմիա Ջոն (Վարդգես Սաթումյան, 86):

Հետևեք մեզ նաև Telegram-ում