Ֆետտելն արժանացել է «Laureus»-ի` շրջանցելով Նադալին, Բոլտին, Ռոնալդուին

Ֆետտելն արժանացել է «Laureus»-ի` շրջանցելով Նադալին, Բոլտին, Ռոնալդուին

«Ֆորմուլա-1»-ի գործող չեմպիոն Սեբաստյան Ֆետտելն արժանացել է «Laureus World Sports» մրցանակի`հաղթող ճանաչվելով «Տարվա մարզիկ» անվանակարգում: Կուալա-Լումպուրում կայացած մրցանակաբաշխությունից հետո «Ռեդ Բուլլի» առաջատարը չի թաքցրել իր ուրախությունը.

-Շատ երջանիկ եմ: Սա երբևէ ստացածս յուրօրինակ մրցանակներից է,-Ֆետտելի խոսքը մեջբերում ենք «F1Zone»-ից:

Ավտոարշավորդը վերջին չորս տարիների ընթացքում ներկայացվել էր «Laureus World Sports»-ի վերոնշյալ անվանակարգի հավակնորդների ցանկում, սակայն մրցանակին արժանացավ առաջին անգամ: «Ֆորմուլա-1»-ի նախորդ արշավորդը, ով արժանացել է «Laureus»-ի եղել է Միխայել Շումախերը:

Նշենք, որ հաղթելով «Տարվա մարզիկ» անվանակարգում` Սեբաստյան Ֆետտելը շրջանցել է Ուսեյն Բոլտին, Մոհամեդ Ֆարային, ԼեԲրոն Ջեյմսին, Ռաֆայել Նադալին և Կրիշտիանու Ռոնալդուին:

Հավելենք` «Տարվա թիմ» անվանակարգում «Ռեդ Բուլլը» չի հաղթել. լավագույնի կոչմանն արժանացել է Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում Յուպ Հայնկեսի գլխավորությամբ նվաճեց հնարավոր բոլոր տիտղոսները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում