Ֆուտբոլիստների յուրօրինակ խաղակոշիկները (լուսանկարներ)

Ֆուտբոլիստների յուրօրինակ խաղակոշիկները (լուսանկարներ)

Շատ հաճախ ֆուտբոլիստների համար խաղակոշիկները հանդիսանում են ինքնաարտահայտման ձև: Որոշ ֆուտբոլիստներ իրենց հարազատների անուններով խաղակոշիկներ են հագնում, որոշներն էլ աչքի են ընկնում գերօրիգինալությամբ: 

Հատուկ Քրեյգ Բելլամիի համար «Warrior» ընկերությունն արտադրեց ներկայացված խաղակոշիկները: Սպիտակ խաղակոշիկների վրա պատկերված է Ուելսի խորհրդանիշը` վիշապը: Խաղակոշիկներից աջի վրա գրված է` «Ինձ համար թանկ է հայրերիս հին երկիրը», իսկ ձախի վրա` «Նրա քաջ զինվորները փառաբանում են հայրենասիրությունը»:

Ֆրանսիայի հավաքականում նորամուտի կապակցությամբ Մամադու Սակոն պատվիրել է ներկայացված խաղակոշիկները: Խաղակոշիկները զարդարված են 5000 Սվարովսկի քարերով: Ձախ խաղակոշիկի թանկարժեք քարերը խորհրդանշում են Ֆրանսիայի դրոշը, իսկ աջինը` Բրազիլիայի:

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը որոշել էր չզիջել Սակոյին և կրկին պատվիրել էր Սվարովսկի քարերով զարդարված խաղակոշիկներ: Օբամեյանգի խաղակոշիկները զիջել են միայն թանկարժեք քարերի թվով` 4000:

Սկանդալային Մարիո Բալոտելլին չէր կարող գոնե մեկ անգամ բոլորին չզարմացնել իր խաղակոշիկներով: «Զինվորական» խաղակոշիկների վրա գրված էր «Բալոն վերադարձել է»:

Ժամանակին Ռիո Ֆերդինանդը ևս որոշեց խաղակոշիկները թանկարժեք քարերով զարդարել, սակայն դրանք վաճառելու և գումարը բարեգործության տրամադրելու համար: Ռիոյի խաղակոշիկների պատրաստման ժամանակ օգտագործվել է 2494 թանկարժեք քար: Խաղակոշիկները վաճառվել են 250 հազար դոլարով:

Երբ Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին չորրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակի», «Adidas» ընկերությունը որոշեց յուրօրինակ նվեր մատուցել ֆուտբոլիստին: Հատուկ Մեսսիի համար արտադրվեցին խաղակոշիկներ, որոնց վրա պատկերված է 4 արև` յուրաքանչյուրի տակը Մեսսիի` «Ոսկե գնդակ» ստանալու տարեթիվը:

Ավստրալացի ֆուտբոլիստ Թրեվիս Դոդդը, հնարավոր է, մեծ հաջողությունների չի հասել, սակայն նրա խաղակոշիկները դարձել են քննարկման առարկա: Դոդդը սիրում է վառ գույներ, և այդ տեսանկյունից նրա խաղակոշիկները միշտ ուշադրություն են գրավել:

Երեխաների, սիրելի կանանց անուններով խաղակոշիկները նման բազմազանության մեջ այնքան էլ օրիգինալ չեն, սակայն Ռոման Շիրոկովն աչքի է ընկել յուրօրինակ գրառմամբ. նրա խաղակոշիկների վրա գրված էր Twitter-ում ֆուտբոլիստի անունը:

«Nike» ընկերությունը չանտեսեց Ռոնալդոյի` ֆուտբոլում ունեցած ներդրումը: Բրազիլացին ավարտեց կարիերան, իսկ  «Nike»-ը նրան ոսկե խաղակոշիկներ նվիրեց:

Մեսսիի խաղակոշիկների արևները խորհրդանշում էին «Ոսկե գնդակները», իսկ Կրիշտիանու Ռոնալդուն որոշել էր ամփոփել 2011-12թթ. մրցաշրջանը: 1` Իսպանիայի առաջնությունում առաջին չեմպիոնությունը, 9` Պորտուգալիայի հավաքականում խփած գոլերի քանակը, 14` Պորտուգալիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակը, 19` Իսպանիայի առաջնության այն թիմերի քանակը, որոնց Ռոնալդուն գոլ է խփել, 27` տարիքը, 55` «Ռեալում» անցկացրած խաղերի քանակը, 60` «Ռեալում» խփած գոլերի քանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում