Արամ Ոսկանյան. Կանենք մեզնից կախված ամեն բան

Արամ Ոսկանյան. Կանենք մեզնից կախված ամեն բան

«Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը վստահ է, որ Եվրոպա լիգայի խաղարկության «Միկա»-«Սպլիտ» պատասխան խաղում իր սաներն ի զորու կլինեն չեզոքացնելու մրցակցի 2 գնդակի առավելությունը և հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու: 

«Մենք կաշխատենք մեր լավագույն խաղը ցուցարդրել: Յուրաքանչյուրս` ինձնից սկսած մեր լավագույնը կանենք: Կանենք, ինչ մեզնից կախված է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոսկանյանը:

Մարզիչն ընդգծեց, որ այս խաղում իրենց համար շատ կարևոր է արդեն առաջին խաղակեսում հաշվի մեջ առաջ անցնել:

«Պետք է շատ ուշադիր լինենք պաշտպանությունում, քանի որ եթե գոլ բաց թողնենք, ապա մեզ համար ավելի դժվար կլինի: Լավ կլինի, որ առաջին խաղակեսում կարողանանք գոլ խփել»,-ասաց նա:

Խոսելով մրցակցի ֆուտբոլիստների մասին` մասնագետն առանձնացրեց նրանց բարձր կարգը:

«Մրցակիցը բավականին լավ ֆուտբոլիստներ ունի, անհատապես լավ ֆուտբոլիստներ են, բայց անանցանելի չեն: Չենք ուզում արդարացումներ փնտրել: Այդ խաղում մենք պետք է թիմային խաղ ցուցադրենք»,-ասաց Ոսկանյանը:

Նա մեկնաբանեց նաև առաջին խաղում գրանցված 2-0 հաշվով պարտությանը` նշելով, որ դրա պատճառներից մեկը հոգնածությունն էր:

«Մի քիչ դժվար տեղ հասանք: Դա մեզանից երկար ժամանակ խլեց, և մի փոքր հոգնածություն կար, թարմությունը պակասում էր»,-պարզաբանեց Ոսկանյանը:

Անդրադառնալով երեկվա «Բանանց»-«Սանտա Կոլոմա» հանդիպմանը, որում հայկական թիմը չկարողացավ իրեն ձեռնտու հաշվով հաղթանակ տանել և հաջորդ փուլ դուրս գալ` Ոսկանյանը նշեց, որ դա իրենց վրա էլ է ազդել և լրացուցիչ ճնշում է հաղորդում. «Մեր համար էլ է ցավալի: Ճնշումը նույնիսկ ես եմ զգում: Պատկերացնում եմ «Բանանցի» ֆուտբոլիստների վիճակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում