Սարգիս Հովսեփյան. Խաղում էինք հակագրոհներով` հասկանալով, որ մրցակիցը խնդիրներ ունի

Սարգիս Հովսեփյան. Խաղում էինք հակագրոհներով` հասկանալով, որ մրցակիցը խնդիրներ ունի

Հայաստանի Բարձրագույն խմբի` 2014-15թթ. առաջնության երկրորդ տուրի` «Փյունիկ»-«Գանձասար» (2:0) հանդիպումից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ասաց, որ սաները խաղացել են այնպես, ինչպես նախապես ծրագրել էին:

«Խաղը մեկնարկում ստացվեց այնպես, ինչպես ծրագրել էինք: Խաղում էինք հակագրոհներով’ հասկանալով, որ մրցակիցը պաշտպանությունում խնդիրներ ունի: Հետևանքը՝ ստեղծեցինք պահեր, հետո գոլ խփեցինք: Երկրորդ խաղակեսում մի պահ ինչ-որ չափով վատ խաղացինք, սակայն խփած երկրորդ գնդակը տղաներին ստիպեց վերգտնել խաղը»,-ասաց Սարգիս Հովսեփյանը:

Հովսեփյանը նշեց, որ ուսումնասիրել էին «Գանձասարի» խաղը, և այս հանդիպումը ցույց տվեց` կարողացել են գտնել հակախաղ, իրենց ընտրած մարտավարությունը ճիշտ էր և վաստակած 3 միավորը դրա արդյունքն է:

AllSport.am-ի թղթակցի այն հարցին, թե որքանո՞վ է լուրջ Ղուկաս Պողոսյանի` հանդիպման ընթացքում ստացած վնասվածքը, Սարգիս Հովսեփյանը տվեց հետևյալ պատասխանը. «Դեռ չգիտեմ: Բժիշկները կհետազոտեն կասեն»:

Ս. Հովսեփյանը խոսեց նաև «Փյունիկի» նոր հարձակվող մեքսիկացի Սեզար Ռոմերոյի մասին` նշելով, որ նա լավ ֆուտբոլիստ է, լավ որակներ ունի և եթե ամբողջությամբ հարմարվի թիմին, մեծ օգուտ կբերի:

AllSport.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ «Փյունիկի» մի քանի խաղացողներ օրեր առաջ երկու հանդիպում են անցկացրել Երիտասարդական հավաքականի կազմում, Հովսեփյանն տվեց հետևյալ պատասխանը. «Ես միայն ուրախ եմ, որ իմ թիմում այդպիսի ֆուտբոլիստներ ուենեմ: Լավ է, որ կարողացան ճիշտ պատրաստվել, վերականգնվել և «Գանձասարի» հետ խաղում կարողացան լավ հանդես գալ»:


Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում