«Բանանց»-«Արարատ»` 3-0. Հոռնյակի թիմը վաստակում է իր առաջին միավորները

«Բանանց»-«Արարատ»` 3-0. Հոռնյակի թիմը վաստակում է իր առաջին միավորները

Հայաստանի Բարձրագույն խմբի` 2014-15թթ. առաջնության 3-րդ տուրի «Բանանց»-«Արարատ» խաղում 3-0 հաշվով հաղթանակ տոնեցին դաշտի տերերը:

Առաջին խաղակեսում ավելի վստահ և վտանգավոր էին գործում «Բանանցի» ֆուտբոլիստները, և հենց նրանք էլ բացեցին խաղի հաշիվը: 20-րդ րոպեին տուգանային հրապարակում ձեռքով խաղաց «Արարատի» պաշտպան Գորիկ Խաչատրյանը. «Բանանցն» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, և այն անվրեպ իրացրեց Ռումյան Հովսեփյանը: 2 րոպե անց իր թիմի առավելությունը կարող էր կրկնապատկել Գագիկ Դաղբաշյանը, սակայն նրա հարվածը շեղ ընթացավ: «Բանանցն» իր առավելությունը մեծացրեց 31-րդ րոպեին. աչքի ընկավ Գևորգ Նռանյանը:

Երկրորդ կեսում նույնպես ավելի ակտիվ էին տանտերերը, և 60-րդ րոպեին նրանք ևս մեկ անգամ հաջողության հասան. Ռումյան Հովսեփյանի փոխանցումը գոլի վերածեց Գևորգ Նռանյանը’ իր հաշվին դուբլ ձևակերպելով:

Մնացած 30 րոպեների ընթացքում հաշվի մեջ նոր փոփոխություններ չգրանցվեցին: «Բանանց»-«Արարատ»’3-0, և Ժոլտ Հոռնյակի սաները վաստակում են իրենց առաջին 3 միավորները: Այս խաղից հետո «Բանանցը», որ մեկ խաղ պակաս է անցկացրել, ունի 3 միավոր և զբաղեցնում է  մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» չունի միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 3-րդ տուր
«Բանանց»-«Արարատ»` 3:0

Գոլերը` Հովսեփյան 21՛, Նռանյան 31՛, 60՛

 

Քրիստինա Խաչատրյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում