Ժոլտ Հոռնյակ. Ուրախ եմ, որ թիմը ցույց տվեց իր դեմքը

Ժոլտ Հոռնյակ. Ուրախ եմ, որ թիմը ցույց տվեց իր դեմքը

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ուրախությամբ նշեց, որ իր թիմն ընթացիկ առաջնությունում վերջապես ցուցադրեց, թե ինչի է ընդունակ:

«Շատ ուրախ եմ թիմի ցուցադրած խաղի համար: Ուրախ եմ, որ թիմը ցույց տվեց իր դեմքը: Առաջին խաղակեսի ընթացքում հանդիպման արդյուքն արդեն պարզ էր: Ուրախ եմ նաև Գևորգ Նռանյանի գոլերի համար. այսօր նա ցույց տվեց, թե ինչու է տեղափոխվել «Բանանց»»,-ասաց Հոռնյակը:

«Բանանցի» մարզիչը գովասանքով արտահայտվեց նաև Ռումյան Հովսեփյանի մասին, ով վերոնշյալ խաղում սկիզբ դրեց իր թիմի հաջողությանը. «Լավ խաղաց նաև Ռումյան Հովսեփյանը, ով «Ուլիսի» հետ հանդիպմանը չէր մասնակցում որոշակի պատճառներով: Այժմ երևում են Ռումյանի` ավելի կատարելագործված որակները և թիմի մյուս խաղացողներից ունեցած տարբերությունը»:

Ժոլտ Հոռնյակն ընդգծեց, որ այսօրվա հաղթանակը միայն Ռումյանի և Գևորգի շնորհքը չէ և նշեց, որ Արամ Լոռեցյանը վատ հանդիպում անցկացրեց. «Այսօրվա հաղթանակը ոչ միայն այս երկու խաղացողների խաղի արդյունքն էր, այլ ամբողջ թիմի: Արամ Լոռեցյանն այս անգամ վատ խաղաց, Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն այդպես խաղալու իրավունք չունի: Նա փոխարինեց Նաիրի Մինասյանին, քանի որ վերջինս վնասվածք ստացավ: Լոռեցյանի խաղադաշտ դուրս գալուց հետո մեր խաղն ինչ-որ չափով թուլացավ:

Շատ շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, որ կարողացան այս շոգ եղանակին խաղալ և կամք ցույց տալ: Ինչ վերաբերում է «Ուլիսի» հետ խաղի համեմատ փոփոխություններին, ապա, այո՛, ես ցանկանում էի հնարավորություն տալ Արամ Հարությունյանին, քանի որ նա շատ լավ դարպասապահ է, չնայած այնպես չէ, որ Թորոյանը վատն է»:

Ժոլտ Հոռնյակը հավելեց, որ, հնարավոր է, թիմում նորեկներ լինեն. «Դեռ սպաում ենք երկու խաղացողի` ենթահրաձակվողի և հարձակվողի`  արգենտինացի և սլովակ»:

 

Հասմիկ Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում