Բարձրագույն խումբ. Չորրորդ տուրի ամփոփումը

Բարձրագույն խումբ. Չորրորդ տուրի ամփոփումը

ՀՀ Բարձրագույն խմբի 23-րդ առաջնության 4-րդ տուրի հանդիպումներն այլևս անցյալում են: Տուրի ամփոփումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Չորրորդ տուրը սկսվեց «Միկա»-«Բանանց» և «Ուլիս»-«Արարատ» դիմակայություններով: «Միկա»-«Բանանց» խաղում տանտերերին հաջողվեց առաջինն աչքի ընկել. 31-րդ րոպեին հաշիվը բացեց Նարեկ Բեգլարյանը, սակայն 5 րոպե անց Գևորգ Նռանյանի գոլի շնորհիվ «Բանանցը» կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: Խաղն այդպես էլ ավարտվեց, չնայած երկու թիմերն էլ գոլ խփելու նոր հնարավորություններ ունեցան: Այս հանդիպման ժամանակ տպավորիչ խաղ ցուցադրեցին հատկապես «Միկայից» Վարդգես Սաթումյանը, «Բանացից» Գևորգ Նռանյանը, ով պատասխան գնդակը խփելուց դաշտում մեծ ծավալի աշխատանք կատարեց՝ հասցնելով օգնել թե՛ կիսապաշտպաններին, թե՛ հարձակվողներին, և դարպասապահ Արամ Հայրապետյանը, ով ուղղակի փայլեց. մի քանի անգամ հենց նրա տպավորիչ և վստահ խաղի շնորհիվ «Միկայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել «Բանանցի» դարպասը:

«Միկա»-«Բանանց» 1:1 (1:1)
Գոլերը՝ Նարեկ Բեգլարյան, 31 («Միկա»), Գևորգ Նռանյան, 36 («Բանանց»)

«Ուլիս»-«Արարատ» խաղում, թվում էր, 3 պարտություն ունեցող «Արարատը» պետք է ինչ-որ բան փորձեր անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, սակայն հայտնվեց նույն կոտրած տաշտակի առաջ և բաց թողեց երկու գնդակ` չկարողանալով որևէ պատասխան տալ:
Խաղից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Դուշան Միյիչը փորձեց մեղքը բարդել լեգիոներների վրա` նշելով նրանց չհամաձայնեցված խաղը, սակայն չմոռանանք, որ «Ուլիսն» էլ նոր թիմ է, որտեղ մեծաթիվ են լեգիոներները:

«Ուլիս»-«Արարատ» 2:0 (1:0)
Գոլերը՝ Ռադե Դուգալիչ, 43, Արտակ Ալեքսանյան, 50

Չորրորդ տուրի երկրորդ օրվա խաղային զույգերն էին՝ «Գանձասար»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Շիրակ»: Երկրորդ տուրում «Փյունիկից» կրած պարտությունից (0:1) և երրորդ տուրում «Ուլիսի» հետ գոլազուրկ ոչ-ոքից հետո Պուչկովի սաները պարտավոր էին ինչ-որ կերպ ուրախացնել իրենց երկրպագուներին: Արդյունքում 11-մետրանոցից խփված 1 գնդակ, և հաղթանակ «Ալաշկերտի» նկատմամբ: Իսկ այս մրցաշրջանը գեղեցիկ կամային հաղթանակով սկսած Արմեն Գյուլբուդաղյանցի սաները 2 խաղ է ինչ պարտվում են:

Գանձասար»-«Ալաշկերտ» 1:0 (1:0)
Գոլը՝ Սամվել Մելքոնյան, 19, 11մ

Տուրի կենտրոնական խաղը կայացավ Երևանում: Մրցաշարային աղյուսակի երկու առաջատարները՝ «Փյունիկը» և «Շիրակը» մրցեցին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Խաղը բավականին լարված և գեղեցիկ ստացվեց: Սեսար Ռոմերոյի` 60-րդ րոպեին խփած միակ գնդակը հաղթանակ պարգևեց երևանցիներին, սակայն պետք է նշել, որ «Շիրակը» ոչ մի առումով չզիջեց մրցակցին և մրցակցի դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ուներ: Հնարավոր չէ ասել, թե ինչ հաշվով կավարտվեր հանդիպումը, եթե 56-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակում Վասպուրակ Մինասյանի` Դավիթ Հակոբյանի նկատմամբ թույլ տված խախտումից հետո, նշանակվեր 11 մետրանոց հարված… Մինչև վերջին վայրկյանը գյումրեցիները չդադարեցին գրոհել և ճնշման տակ պահել «Փյունիկի» դարպասը, սակայն հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին:


Այս խաղում իրենց հիանալի դրսևորեցին «Շիրակի» դարպասպահ Գոռ էլյազյանը, Դավիթ Հակոբյանը, «Փյունիկից» Սեսար Ռոմերոն, ով աչքի էր ընկնում հատկապես գրագետ փոխանցումներով, իսկ Տարոն Ոսկանյանը հուսալի էր խաղում պաշտպանությունում:

«Փյունիկ»-«Շիրակ» 1:0 (0:0)
Գոլը՝ Սեսար Ռոմերո, 60

Չորրորդ տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկը», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել և ունի 100% արդյունք ունի՝ 3 խաղ 3 հաղթանակ, 5 խփած և ոչ մի բաց թողնված գնդակ: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում