«Արարատ»-«Միկա»՝ 2-0. «Արարատն» առաջին հաղթանակն է տանում

«Արարատ»-«Միկա»՝ 2-0. «Արարատն» առաջին հաղթանակն է տանում

ՀՀ Բարձրագույն խմբի 23-րդ առաջնության 5-րդ տուրի առաջին խաղում «Արարատը» ուժերը չափեց «Միկայի» հետ:

Առաջին խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին Արամ Ոսկանյանի սաները` մի քանի վտանգավոր պահ ստեղծելով Գոռ Մարտիրոսյանի դարպասի մոտ, սակայն խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեցին արարատցիները. Բրայան դե լա Ֆուենտեն գրավեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Առաջին խաղակեսի մնացած հատվածում «Միկայի» ֆուտբոլիստները փորձեցին հավասարեցնել հաշիվը, սակայն ուժեղ քամին խանգարում էր հարվածների դիպուկ իրացմանը:

Երկրորդ կեսում «Միկան» բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեց, բայց չկարողացավ արդյունքի հասնել: 72-րդ րոպեին «Միկայի» ավագ Արմեն Պետրոսյանը, ստանալով երկրորդ դեղին քարտը, լքեց խաղադաշտը: 74-րդ րոպեին արարատցիները կրկին գրավեցին մրցակցի դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց:

«Միկան» ևս մի քանի անգամ կարող էր հաշիվը հավասարեցնել, սակայն մարզական բախտը երես էր թեքել նրանցից:  Ավելացված ժամանակի վերջին րոպեին Ալեքսանդր Ռակիչը գրավեց դարպասը, և «Արարատը» տոնեց այս մրցաշրջանում իր առաջին հաղթանակը:

Այս խաղից հետո «Արարատն» ունի 3 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 7-րդ հորիզոնականը, իսկ «Միկան» 2 միավորով եզրափակում է աղյուսակը:

Բարձրագույն խումբ, 5-րդ տուր
«Արարատ»-«Միկա»` 2:0

Գոլերը` Ֆուենտե 31՛, Ռակիչ 90+՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում