Արամ Ոսկանյան. Տղաները կազմակերպված խաղ ցույց տվեցին

«Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը գոհ է Հայաստանի առաջնության 7-րդ տուրի «Փյունիկի» դեմ հանդիպման (1-1) ընթացքում իր թիմի ցուցադրած խաղից:

«Ինձ շատ դուր եկավ առաջին խաղակեսում տղաների ցույց տված խաղը: Կազմակերպված խաղ ցույց տվեցին, ունեին ռեալ գոլային պահ, սակայն չկարողացան օգտագործել: Երկրորդ խաղակեսում արդեն արդյունքի հասնելու ցանկությունը երկու թիմերի մոտ էլ շատ էր: Արդյունքում երկրպագուների համար գեղեցիկ խաղ ստացվեց: Էմոցիաներ…. Երկու թիմն էլ ապրում էին խաղով»,-ասաց Ոսկանյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Մասնագետը խոստովանեց, որ պաշտպանությունում իր ֆուտբոլիստները մի փոքր անփույթ էին, ինչի հետևանքով մրցակիցը 11-մետրանոցի իրավունք ստացավ:

«Երկրորդ խաղակեսում պետք է ավելի ուշադիր լինեինք պաշտպանությունում, որպեսզի 11 մետրանոց չլիներ թիմի դարպասին»,-նշեց նա:

Ոսկանյանը կարծում է, որ բաց թողած գոլից հետո իր խաղացողները չկարողացան ճիշտ արձագանքել ստեղծված իրավիճակին:

«Ես կուզեի, որ բաց թողած գոլից հետո էլ մենք խաղայինք այնպես, ինչպես առաջին խաղակեսի առաջին երեսուն րոպեների ընթացքում: Եթե գոլ ենք բաց թողել, դեռ ֆուտբոլn ավարտված չէ: Եթե նայեք մեր վիճակագրությունը, ապա կտեսնեք, որ բաց թողած գոլից հետո մենք գոլ չենք խփում»,-փաստեց Արամ Ոսկանյանը:

Անդրադառնալով մրցավարի կայացրած որոշումներին՝ Ոսկանյանն ասաց. «Վերջին քսան րոպեների ընթացքում մրցավարի կայացրած որոշումների մասին կարող եմ խոսել միայն խաղի տեսագրությունը նայելուց հետո»:

Ամփոփելով առաջնության առաջին խաղաշրջանը՝ մասնագետն ընդգծեց, որ բոլոր 7 խաղերում էլ հաղթանակի հասնելու հարցում իրենց ինչ-որ բան չի հերիքել: «Բոլոր յոթ խաղերում մրցակիցների նկատմամբ տարածքային առավելություն ենք ունեցել, սակայն, ցավոք սրտի, դա ուղիղ կապ չունի արդյունքի հետ»,-ասաց նա:

Միաժամանակ մարզիչը նշեց, որ իր կարծիքով՝ իրենք արժանի չեն առաջնության 7 տուրերից հետո ընդամենը 3 միավոր ունենալուն:

«Այժմյան վաստակած երեք միավորին մենք արժանի չենք: Այդ պակաս միավորներն էլ տղաների մեջ ավելորդ լարվածություն է մտցրել: Եթե տղաների միջի այդ ավելորդ լարվածությունը դուրս գա, շատ լավ կլինի, քանի որ թիմը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Հաճելի է թիմի խաղը տեսնել թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես երկրպագու»,-ասաց Ոսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում