Սարգիս Հովսեփյան. Մեզ համար կարևոր էին կորցրած միավորները

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը դժգոհ է, որ Հայաստանի առաջնության 7-րդ տուրում իր թիմը 2 միավոր կորցրեց՝ ոչ-ոքի՝ 1-1, խաղալով «Միկայի» դեմ մրցակցի հարկի տակ:

«Մեզ համար կարևոր էր 3 միավորը, որ այսօր կորցրեցինք: Մի քիչ տխուր է «Փյունիկի» համար, քանի որ այդ 3 միավորը մեզ շատ էր հարկավոր: Հիմա մի քիչ հետ ընկանք «Ուլիսից», սակայն մրցաշրջանը շատ երկար է, և այդ ամենը մենք հետ կբերենք»,-ասաց Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անկախ գրանցված ոչ ձեռնտու հաշվից՝ մարզիչը գովեց իր ֆուտբոլիստներին կամքի ուժ դրսևորելու և բարդ իրավիճակը հաղթահարելու համար:

«Խաղը սկսեցինք մի քիչ լարված: Զգացվում էր, որ տղաները գիտակցում էին 3 միավորի կարևորությունը: Ինքնագոլը եղավ, քանի որ դարպասպահը դեռ պատանի է և սխալներ կանի: Ինձ դուր եկավ, որ գոլից հետո տղաները հավաքվեցին և երկրորդ խաղակեսն ավելի լավ խաղացին: Նրանց մեջ սպորտային կամք կա, նրանք կարողացան հաղթահարել այն փաստը, որ 0-1 հաշվով պարտվում էին»,-ասաց մասնագետը:

Ավելի մանրամասն անդրադառնալով ինքնագոլին և դրա պատճառներին՝ Սարգիս Հովսեփյանն ընդգծեց, որ տեղի ունեցածում ոչ մեկին պետք չէ մեղադրել. «Տարոն Ոսկանյանը սխալ չի արել. նորմալ է, երբ դարպասպահին հետ փոխանցում են կատարում, պարզապես Այվազովը չկարողացավ կասեցնել գնդակը, ինչի արդյունքում ինքնագոլ եղավ: Ուզում եմ հիշեցնել, որ այսօր երկու գոլն էլ մենք են խփել (ժպտում է)»:

Այդ դրվագում Տարոն Ոսկանյանի՝ դեպի ետ կատարած փոխանցումից հետո «Փյունիկի» դարպասապահ Անատոլի Այվազովը փորձեց կասեցնել գնդակը, բայց այն անցավ նրա ոտքի տակով և հայտնվեց դարպասում:

Հովսեփյանն իր խաղացողներին չի մեղադրում նաև գոլային պահերը չիրացնելու համար:

«Կամո Հովհաննիայանի և Սեզար Ռոմերոյի վրիպումները նորմալ եմ համարում, քանի որ սա ֆուտբոլ է, ոչ թե բասկետբոլ, որ ամեն գցածը նպատակին հասնի: Միգուցե մի քիչ դաշտի որակը թույլ չտվեց ավելի լավ խաղ ցուցադրել: Այսօր չստացվեց լիովին անել այն ինչ ուզում էինք»,-նշեց մարզիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում