Արամ Ոսկանյան. Ընդմիջմանը ֆուտբոլիստներին ասացի` «Արարատն» անկանխատեսելի թիմ է

«Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի` «Արարատի» նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնագետը նախ նշեց, որ երկու խաղակեսերը տարբերվում էին իրարից:

«Կարող եմ ասել, որ խաղը երկու մասին բաժանվեց: Առաջին խաղակեսում բարձր պրեսինգով էինք խաղում և ստիպում էինք մրցակցին սխալվել, որի արդյունքում գոլեր խփեցինք: Երկրորդ կեսում այնպիսի տպավորություն էր, կարծես, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում էր գոլի հեղինակ դառնալ: Փոքր-ինչ կորցրեցինք խաղային կարգապահությունը, որի պատճառով գոլ բաց թողեցինք»,-ասաց Արամ Ոսկանյանը:

Մարզիչը նշեց, որ ընդմիջման ժամանակ իր սաներին զգուշացրել է` անկախ հաշվից` պահպանել զգոնությունը. «Ֆուտբոլիստների հետ խոսեցի: Ասացի, որ անկախ հաշվից պետք է պահել խաղային կարգապահությունը: Զգուշացրի, որ «Արարատը» անկանխատեսելի թիմ է և կարող է ամեն տեսակ անակնկալ մատուցել: Երկրորդ խաղակեսի սկզբում ուշադիր էին, հետո ինչ որ չափով թուլացան»,-հավելեց մարզիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում