Սամվել Դարբինյան. «Արարատի» լեգիոներները փոքր ինչ մեծամիտ են և արհամարհում են հայկական ֆուտբոլը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Միկա»-«Արարատ» (3:1) հանդիպումից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը դժգոհություն արտահայտեց իր թիմի լեգիոներներից:

«Արդեն որերորդ դեպքն է նույն սցենարով ենք խաղում: Կարող եմ ասել, որ «Արարատ» եկած լեգիոներները փոքր ինչ մեծամիտ են ու արհամարհանքով են վերաբերվում մրցակից թիմերի խաղացողներին: Նրանց կողմից արհամարհանք կա դեպի հայկական ֆուտբոլը… Հավանաբար, դա է պարտության պատճառը: Մի կողմից դժգոհ եմ, մյուս կողմից էլ` ուրախ, որ պատժվում են իրենց արհամարհանքի համար: Արդեն հիգերորդ հանդիպումն  է, և դեռ խաղը չսկսած`  2:0, 3:0…

Շնորհավորում եմ «Միկային», իսկ մենք պետք է այնպես անենք, որ լեգիոներները զգան, թե ուր են եկել ու սկսեն ավելի պատասխանատու լինել»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սամվել Դարբինյանը:

Մարզիչն ընդգծեց, որ հույս է ունեցել` ժամանակի ընթացքում ամեն ինչ կշտկվի, սակայն ապարդյուն.

«Տարբեր միջոցներ կձեռնակրկենք, որպեսզի լեգիոներներին կարգի հրավիրենք: Մոտ մեկ ամիս է, ինչ թիմի ղեկին եմ ու պարտություններ` չնայած մինչև իմ գալն էլ էր այս վիճակը: Այսօր հայկական ֆուտբոլն արագ է, տեմպային, ուժային, չոր ու բավականին լավը, իսկ ոմանք չեն գիտակցում` ուր են եկել: Եթե խաղասկզբին, երբ ո՛չ ֆիզիկական, ո՛չ հոգեբանական հոգանծություն չկա, թիմը գոլ է բաց թողնում, ուրեմն` կամ թիմն արհամարհում է մրցակցին, կամ վարպետության պակաս կա: Ես միշտ մտածում էի, որ լավ ֆուտբոլիստներ են, կշտկեն սխալներ, սակայն արդեն որերորդ խաղն է…»,-ասաց մարզիչը:

Սամվել Դարբինյանը գոհունակություն հայտնեց միայն Ալեքսանդր Ռակիչից, ով այսօր խփեց իր թիմի միակ գոլը.

«Ինչ վերաբերում է թիմի ավագ Ալեքսանդր Ռակիչին` նա շատ նվիրված խաղացող է, բայց մեկ ֆուտբոլիստով ոչինչ չի որոշվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում