Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն. 12-րդ տուրի ամփոփումը

Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրը: Այս տուրում էլ անակնկալներ չեղան. «Ուլիսը» հերթական հաղթանակը տարավ, «Արարատը» կրեց հերթական պարտությունը, «Փյունիկը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ, «Բանանցի» գլխավոր մարզիչ Հոռնյակը կրկին գոհ է իր թիմի ֆուտբոլիստների աշխատանքից, իսկ «Ալաշկերտի» մարզիչ Աբրահամ Խաշմանյանը շատ լավ գիտեր սեփական թիմի խնդիրները:

«Գանձասար»-«Շիրակ»: Վարդան Բիչախչյանի սաները Ժան-Ժակ Բուգուհիի հեթ-տրիկի շնորհիվ Կապանում հաղթեցին «Գանձասարին»` սեփական դարպասը չընդունելով ոչ մի գնդակ: Հաջորդ տուրում «Շիրակը», որն այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, կհյուրընկալի «Ալաշկերտին»: «Գանձասարը» 14 միավորով եզրափակում է լավագույն քառյակը և հաջորդ տուրում մրցելու է «Բանանցի» հետ:

«Ուլիս»-«Ալաշկերտ»: Ընթացիկ առաջնության առաջատարն այս խաղում մրցակցից քարը քարի վրա չթողեց: Եթե երկրորդ խաղակեսի սկզբնամասում, երբ Միհրան Մանասյանը կրճատեց հաշվի տարբերությունը, թվում էր, թե «Ալաշկերտը» կարող է ինչ-որ բան փոխել, ապա խաղավերջում «Ուլիսը» գոլային հեղեղ բերեց մրցակցին դարպասին. Կոնստանտին Մորոզովի դուբլը, Աղվան Պապիկյանի, Դավիթ Խուրցիձեի և Ալիկ Էլյազյանի գոլերը «Ուլիսին» ապահովեցին հերթական խոշոր հաշվով հաղթանակը: Հաջորդ տուրում «Ուլիսը» հյուընկալվելու է «Միկային», որը 3 անընդմեջ հաղթանակ է տոնել. ու՞մ նյարդերը ավելի ամուր կգտնվեն: 13-րդ տուրում «Ալաշկերտի» մրցակիցը լինելու է «Շիրակը»

«Միկա»-«Արարատ»: «Միկան» այս տուրում հյուրընկալեց առաջնության անհաջողակին` «Արարատին»: Անցած մրցաշրջանի չեմպիոնի հավակնորդ թիմի դժգույն խաղը ո՛չ բացառություն էր, ո՛չ էլ անակնկալ. մեկնարկից 30 րոպե անց արդեն 3 բաց թողած գնդակ: 75 րոպեին Ալեքսանդր Ռակիչի խփած հեղինակության գնդակը ոչ մի կերպ չի լուծում «Արարատի» խնդիրները: Ո՛չ սերբ Դուշայան Միյիչը, ո՛չ Սամվել Դարբինյանը չկարողացան գտնել թիմի զարկերակը ու այն ղեկավարել, չնայած Դարբինյանը դեռ ժամանակ ունի ինչ-որ բան փոխելու…

«Փյունիկ»-«Բանանց»: Տուրի վերջին հանդիպումը լարված ստացվեց: Առաջատարներից Սեզար Ռոմերոյի բացակայությամբ «Փյունիկը» կարողացավ հաղթանակ տանել և գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի ծննդյանը լավ նվեր մատուցել, չնայած «Բանանցը» մինչև վերջին վայրկյանը չնահանջեց ու անգամ հաղթելու իրական հնարավորություններ ուներ: Խաղավարտից հետո «Բանացի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը նշեց, որ շնորհակալ է իր թիմի տղաներին կատարած աշխատանքի համար: 13-րդ տուրում «Բանանցը» կընդունի «Գանձասարին», իսկ «Փյունիկը» կհյուրընկալվի «Արարատին»:

12-րդ տուրից հետո միանձնյա առաջատարն «Ուլիսն» է, որն այս պահին ունի 34 միավոր, 2-րդ տեղում «Փյունիկն» է` 21 միավորով, եռյակը եզրափակում է «Շիրակը»: «Շիրակին» հաջորդում են «Գանձասարը», «Ալաշկերտը», «Միկան», «Բանանցը»  և ետնապահ «Արարատը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում